09 12 2018

Ընտրություններին մասնակցությունը ցածր չի, բարձր էլ չի․ Արարատ Միրզոյան

Ընտրություններին մասնակցությունը ցածր չի, բարձր էլ չի․ Արարատ Միրզոյան

«Իմ քայլը» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում առաջին փոխվարչապետ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանը նշեց․ «Դատելով տարբեր շտաբներից ստացված արձագանքներից, դատելով մամուլում եղած տեղեկատվությունից, ես ինչպես և հույս ունեինք, կարող եմ ասել, որ ունեցանք ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ։

Նրա խոսքով, երկու շատ էական տարբերություն կան նախորդ ընտրությունների համեմատությամբ. «Ընտրողների կամարտահայտման վրա որեւէ ապօրինի ճնշում  որեւէ կերպ չէր նկատվում եւ չի արձանագրվել, համակարգված ընտրությունների վրա ազդեցություն ներգործելու փորձեր չեն եղել: Ինչ խոսք, մամուլում հայտնվել են հատվածական, դիպվածային 1-2 տեղեկատվություն, հիմնականում ընտրատեղամասերի շուրջ կուտակումների վերաբերյալ եւ իրավապահ համակարգըի օգնության շնորհիվ այս հարցերը օպերատիվ լուծվել են: Սա, կարծում եմ՝ երկրորդ կարեւոր առանձնահատկությունն է, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում էր նրան, ինչին կոչված էր ընտրությունների օրը»:

Անդրադառնալով աննախադեպ ցածր մասնակցության խնդրին, Արարատ Միրզոյանն ասաց. «Էստեղ բազում են խնդիրները: Իրականում մասնակցությունը ցածր չի, այո, բարձր չի: Երկրորդ, մենք պետք է իմանանք, թե որ թվից ենք հաշվում այդ տոկոսը: Համացանցում էլ բազմաթիվ են պնդումներն այն մասին, որ իրականում երկրում գտնվողն ընտրողների թիվն ավելի փոքր է քան ավանդաբար ընդունվել է որպես հիմք հաշվարկի համար: Այս առումով, միգուցե մի քանի տոկոս իրական պատկերը ավելի է, քան վիճակագրական տվյալները կարող են խոսել: Երրորդ, ազատ, ժողովրդավարական հասարակարգերում այնումենայնիվ, մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում: Այնպես որ, մեդալը երկու կողմ ունի»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով այս ընտրություններում իրենց ստացած քվեներին, նա ասաց. «Ես ուզում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքի հնարավորինս շատ քվե, արժանանա հնարավորինս շատ մարդկանց վստահությանը: Դե մի քանի ժամից պարզ կլինի»:

Արարատ Միրզոյանը նշեց, որ շուտով Նիկոլ Փաշինյանը գալու է շտաբ:

Դիտարկմանը, որ ԿԸՀ կազմը նախկին իշխանությունների ժամանակներից չի փոխվել, ինչ ակնկալիք ունեն ընտրական հանձնաժողովների եւ ԿԸՀ-ի աշխատանքից, Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ եւ նրանք զարմացած արձանագրում էին, որ նույն ընտրական օրենսդրությամբ, նույն ընտրական ինստիտուտներով, նույն ԿԸՀ կազմով միանգամայն այն ընտրական գործընթացներ են կազմակերպվում. «Այս առումով, իհարկե, թվերը վստահելի են: Բացի այդ, բոլոր տեղամասերում կան տեսախցիկներ, կան դիտորդներ, հանձնաժողովականներ, լրագրողներ եւ այլն»:

Արարատ Միրզոյանը ցավո նկատեց, որ չի կարողացել զբաղվել իր քարոզարշավով. «Բայց ես հիանալի թիմ ունեի, որոնք այդ ընտրական տարածքում իմ նամակ-բուկլետն էին հասցնում ընտրողներին: Հուսամ դա լուրջ ազդեցություն է գործել: Իհարկե, որեւէ մեկը, որ մասնակցում է ընտրական մրցարշավին, նաեւ ունի հաղթելու ակնկալիք եւ ես բացառություն չեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե իրեն տեսնում է գործադի՞ր իշխանությունում, թե՞ օրենսդիրում, նա նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ