09 12 2018

Գաղտնալսումից հետո Փաշինյանը պիտի «քայլ աներ», գնար դատախազություն. ՀՀԿ պատգամավորի թեկնածու

Գաղտնալսումից հետո Փաշինյանը պիտի «քայլ աներ», գնար դատախազություն. ՀՀԿ պատգամավորի թեկնածու

Այսօր մեր ապագայի համար չափազանց կարևոր օր է: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն: Նա ասաց, որ քվեաթերթիկներից 1-ը դրել է ծրարը, իսկ 2-ը՝ գրպանում՝ չցանկանալով «նետել դրանք աղբարկղ»:

Շահնազարյանը նշեց, որ ընտրություններից հետո կասի, թե որ 2 քվեաթերթիկներն է դրել գրպանը: «Դուք տեսաք, որ քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար: Ափալ-թափալ ընտրություններ պատրաստեցին: Սա Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենախայտառակ ընտրություններն էին: Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով, բռնություններով»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: 

Նրա խոսքով՝ ընտրությունները կանխատեսելի չեն:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Դավիթ Շահնազարյանին կալանավորելու հիմք չկա, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ բացի դրանից ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ միտք ու հիմք չունեն իրեն բերման ենթարկելու:  «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի՝ միտք ունեն, թե չունեն: Դա Փաշինյանն է որոշում: Փաշինյանը նման երազանք ունի, կասկած չունեմ, բայց վախենում է, չգիտեմ՝ դուխը կհերիքի, թե չի հերիքի: Վանեցյանը նաև ասել է, որ մեղադրանքներ եմ հնչեցրել, բայց ապացույցներ չկան: Ես իրավական մեղադրանք Փաշինյանին չեմ ներկայացրել: Ինքը իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ: Հետաքրքիր հոդված է իր վրա դրել: Նման տարրեր ազգային անվտանգությունն է տեսել, երբ ինձ հրավիրեցին ԱԱԾ: Դա կատարվել էր այն բանից հետո, երբ Փաշինյանը հրապարակայնորեն կրկնել էր այդ ամենը, ասել, որ պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Ժամեր անց թուղթը կազմեցին, շատ օպերատիվ կատարեցին հրահանգները»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս հավելեց, որ ինքը չէր պատրաստվում մամուլին տեղյակ պահել իրեն ԱԱԾ հրավիրելու մասին, բայց նրանք դա արեցին, որովհետև «Փաշինյանի ներվերը չդիմացան»:

Դավիթ Շահնազարյանը մեղադրում է ԱԱԾ տնօրենին, որ թույլ է տվել ՊՊԾ գունդը գրաված անձանց ստեղծել կուսակցություն և  մասնակցել ընտրություններին. «Ես մեղադրում եմ նրան, որ նա չի խոչընդոտել, որ ՊՊԾ գնդում ահաբեկչություն իրականացրած ուժը կուսակցություն բացի, մասնակցի ընտրություններին: Ուղղորդել է այդ անձանց Արցախ, որ բացեն իրենց բաժինը: Ադրբեջանը երկար տարիներ հայտարարում է, որ Արցախում իշխանություն չկա, այնտեղ ահաբեկիչներ են: Հիմա պատկերացրեք, թե ինչ լրացուցիչ փաստարկ է տվել Փաշինյանը մեր թշնամու ղեկավարին, որին գնահատում է որպես կիրթ մարդ»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ երբ ինքը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Արցախի հարցով բանավիճելու, վերջինս հարցը փոխանցեց ԱԱԾ դաշտ: «Գաղտնալսումն ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի: Ստացվել է մի վիճակ, երբ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած անձ կարող է դիմել միջազգային դատարան, մեջբերել այս գաղտնալսումը և ցույց տալ, որ արդարադատություն չկա: Ինչպես գիտեք, առաջին գաղտնալսումից հետո դատախազությունը քրեական գործ էր հարուցել, ԱԱԾ-ՀՔԾ պետերը հրավիրվել էին հարցաքննության, ինչից հետո պարտավոր էին հրավիրել հարցաքննության Փաշինյանին, ուղարկել նրան ծանուցագիր, ու Փաշինյանն էլ «քայլ աներ», գնար դատախազություն՝ ուշադիր լինելով, որ չսայթաքի: Ժամանակն է, որ սովորի ցուցմունք տալուն»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Հարցին՝ չե՞ք մտածում, որ Ձեզ նորից կհրավիրեն ԱԱԾ, նա պատասխանեց. «Թող հրավիրեն, հա, ինչ է եղել: Անկեղծ խնդրանք, ես գիտեմ, որ իմ ասուլիսը սղագրել ու դրել եք վարչապետի առաջ: Ես պատրաստվում եմ թարգմանել: Այդ սղագրության տեքստը ուղարկեք ինձ, ժամանակ չկորցնեմ: Նախապես շնորհակալ եմ»:

Շահնազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չունի այն մեղադրանքների պատասխանները, որոնք ինքը հնչեցրել է: «Եռակողմ պայմանագիրը, որը ստորագրվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմից 90-ականներին, նա փորձ էր անում փոխարինելու Դուշանբեում վերելակային պայմանավորվածությամբ: Սա տեղ է գտել եռանախագահների հայտարարությունում: Ես ցավում եմ, որ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ինքը ոգևորված է, որ Ադրբեջանի գործընկերոջ հետ հաջողվեց համաձայնության գալ եռանախագահների հայտարարության տեքստի շուրջ: Այսինքն՝ նա ոգևորված է, որ եռանախագահների փաստաթղթում Դուշանբեի վերելակային հանդիպումը միջազգային կարգավիճակ է ստացել»,- շեշտեց նա:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այսօր ընտրություն է Հայաստանի քաղաքացու և էյֆորիայի միջև, պատասխանատվության ու ահավոր ծրագրեր ունեցող մեկ անձի միջև. «Փոքր մաս կա, որ մոռացել է, որ ՀՀ քաղաքացի է, գտնվում է էյֆորիայի տակ: Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն անպատասխանատու է, ծիծաղելի վիճակում է իրեն դրել միջազգային բոլոր հարթակներում: ՀՀ քաղաքացին պետք է դա տեսնի և արդեն տեսնում է: Միջազգային բոլոր հարթակներում շատ լավ հասկանում են, որ այսօրվա իշխանությունը ՀՀ քաղաքացին չի ներկայացնում, ներկայացնում է այն էյֆորիան, որը կա»:

Շահնազարյանը նշեց, որ այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, Օսիպյանը մարդ է ավելացրել: «Այսօր առավոտից ես ստանում եմ զանգվածային բնույթ կրող ընտրախախտումների մասին ահազանգեր տեղամասերից: Ես չեմ բացառում, որ նման պրովոկացիաներ կլինեն ՀՀ հասցեին: Ընտրակաշառք տարբեր ձևերով բաժանվում է և բաժանվելու է»,- ասաց Դ. Շահնազարյանը՝ հույս հայտնելով, որ Օսիպյանը կզբաղվի այդ հարցով:  Նա ասաց, որ իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի ընտրարշավում պատժիչ գործիքներ են. «Ահաբեկչական լեքսիկա կա Փաշինյանի կողմից, հայհոյանքներ»:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսմանը, Դավիթ Շահնազարյանը ասաց, որ գաղտնալսողն ու հրապարակողը կարող են տարբեր լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ