07  12  2018

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ․ այն ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ /ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է/, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնա­գրու­թյունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունք­ներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքա­կան հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։

Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացու­ցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում։

Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բան­տում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության և արժանապատվության»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ