07  12  2018

Դատարկ հարցեր հերիք է տաք. ես գործարար չեմ, սեփականատեր եմ. Գագիկ Ծառուկյան

Դատարկ հարցեր հերիք է տաք. ես գործարար չեմ, սեփականատեր եմ. Գագիկ Ծառուկյան

Անկախ նրանից, թե որքան ձայն կտան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ես արել եմ, անում եմ և անելու եմ իմ ժողովրդի համար: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցում էր Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագին:

«Ժողովրդի մեջ չկա այն վստահությունն ու հավատը, որ Ծառուկյանը կարող է անել, իրենք են ապրելու այս երկրում, ում ուզում են թող իրենց ձայնը տան, ես ոչ ոքից էլ չեմ նեղանում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է բիզնեսը քաղաքականությունից տարանջատելուն ինչպե՞ս եք համագործակցելու Նիկոլ Փաշինյանի հետ, ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ ինքը համագործակցել, համագործակցում և շարունակելու է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ: «Էդ դատարկ-դատարկ հարցերը հերիք տաք, ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, իսկ աշխարհում նման օրենք չկա, արգելված չէ, որ սեփականատերը նաև քաղաքականությամբ զբաղվի, և ամենահաջողված և ամենակայացած քաղաքական գործիչները հենց խոշոր սեփականատերերն են, ինչպես Բեռլուսկոնին, Թրամփը, որ ամեն ինչի հասել են և ուզում են պիտանի լինել իրենց երկրին ու ժողովրդին»,- ասաց Ծառուկյանը:  

Անդրադառնալով Բելառուսի հետ Հայաստանի հարաբերություններին ԲՀԿ նախագահը նշեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան այցելելու հրավերի, որպեսզի իր մոտեցումները և դիրքորոշումը հայտնի հայ-բելառուսական հարաբերությունների առնչությամբ:

Գ.Ծառուկյանի խոսքով՝ պաշտոնական հրավեր պետք է ուղարկի Հայաստանի կառավարությունը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ