07  12  2018

Խեղճը պաշտոնյանե՞րն են, թե՞ ժողովուրդը, որ ունի նման պաշտոնյաներ․ 168․am

Խեղճը պաշտոնյանե՞րն են, թե՞ ժողովուրդը, որ ունի նման պաշտոնյաներ․ 168․am

Ապրիլին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում նոր ձևավորված կառավարության մեջ ներգրավեցին երիտասարդ և աշխատանքի փորձ չունեցող կադրերի։ Յուրաքանչյուր նշանակումից հետո մամուլում կարծիքներ էին հնչում՝ փորձելով հասկանալ, թե ովքեր են նոր պաշտոնյաները, որոնք պետք է որոշումներ կայացնեն, գրում է 168․am-ը։

Թողեցինք, աշխատեցին, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ցույց տվեց, որ, ցավոք սրտի, մասնագիտական «բոբիկությունն» այդպես էլ չի հաղթահարվել: Այս թեզը կառավարության անդամները հաստատում են ամեն օր տարբեր հեռուստաընկերությունների եթերում կազմակերպվող բանավեճերում: Ինչ խոսք, նախկին իշխանությունների մեջ էլ կային պաշտոնյաներ, որոնց գործունեությունը հասարակության և հատկապես մասնագիտական շրջանակների կողմից հրապարակային լուրջ քննադատությունների է ենթարկվել,  սակայն այսպիսի իրավիճակ երբևէ չի եղել։ Հետաքրքիր է՝  վաղն այս պաշտոնյաներն ինչպե՞ս են մեր երկրի շահերը ներկայացնելու միջազգային ասպարեզում, որտեղ «դմփ-դմփ հու» անելով՝ ոչ մի հարց չես կարող լուծել:

Որքան էլ քննադատենք նախկին իշխանություններին՝ ՀՀԿ-ին, մեղադրենք այս կամ այն խնդիրների մեջ, այսօր, միևնույն է, հեռուստաբանավեճերում Փաշինյանի թիմը ակնհայտ պարտվում է ՀՀԿ-ին գրեթե բոլոր ոլորտներում:   Եվ պարտվում են այնպիսի կարգավիճակով, որ ակամայից խղճահարության զգացում է առաջանում: Սակայն այստեղ հարցն այլ է՝ խեղճը պաշտոնյանե՞րն են, որոնք չունեն բավարար գիտելիքներ, թե՞ ժողովուրդը, որ ունի նման պաշտոնյաներ: Եվ այս ղեկավար պաշտոնյաներին նայելով՝ ակամայից երանի ես տալիս պետական կառավարման ներքին օղակների այն աշխատողներին, ովքեր ապրիլին սեփական դիմումի համաձայն հեռացան աշխատանքից:

Եկել է մի իշխանություն, որը ոչ միայն չի պատկերացնում ոլորտը, պետական կառավարման համակարգը, այլև նույնիսկ չգիտի՝ ինչ է ուզում։ Թավշյա հեղափոխականները, ի պատասխան այդ քննադատությունների՝ ասացին, թե հակահեղափոխություն են անում՝ պետական համակարգի աշխատակիցները սաբոտաժ են անում իրենց դեմ։ Իրականում, սակայն,  այդ մարդիկ, որոնք քաղաքական որևէ գործընթացների մեջ չեն խառնվել երբևէ, չէին հասկանում՝ ինչ են իրենցից պահանջում, ինչ տեսլական, ծրագիր, պատկերացում, հանձնարարություն ունեն այս «նորեկները»։ Ի վերջո, պետք է խնդիր դրվի, որպեսզի այդ մարդիկ աշխատեն։

Վերջին հանգամանքը, որն ազդել է ներքին օղակի աշխատանքների վրա, պատահական հայտնված ղեկավարներն են: Գերատեսչության վարչության պետը, որպեսզի հասնի այդ պաշտոնին, 10-15 տարի աշխատել է նույն գերատեսչությունում՝ քայլ առ քայլ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու անցնելով հաստիքների աստիճանով,  վաստակել է իր պաշտոնը:

Սակայն դրանից հետո, հանկարծ, Փաշինյանի թավշյա հեղափոխական կառավարությունը Հանրապետության հրապարակից մի թմբկահար է բերում և նշանակում փոխնախարար, ով պետք է համակարգի 4-5 վարչությունների աշխատանքը: Դրա արդյունքը, բնականաբար, լինում է այն, որ հրաժեշտ ենք տալիս բանիմաց կադրերին: Հենց այդպես, այս տարվա ապրիլ-մայիսին հրաժեշտ տվեցինք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ կադրերին, ովքեր վերջին 10-ամյակի ամենախելացի, ամենակրթված ու բանիմաց պաշտոնյաներից էին:

Այո, պարոնայք, քաղում ենք այն, որ փոխվարչապետը չի տիրապետում նվազագույն սպառողական զամբյուղի գներին, կառավարության աշխատակազմի ղեկավարն էլ խոստովանում է, որ ինքը տեղյակ չէ տնտեսական քաղաքականությունից,  իսկ ապագա ԱԺ նախագահի պաշտոնին ձգտող Լենա Նազարյանի՝ սեփական ծրագրի չիմացության մասին խոսելն անգամ ավելորդ է, դա բոլորն են տեսել: Ու այդպիսի օրինակները բազմաթիվ են:

Որպես ամփոփում՝ պետք է նշենք, որ  այս ընտրությունների արդյունքում ձևավորվող կառավարությունն ու խորհրդարանը ժամանակավոր են: Որոշ ժամանակ անց, երբ կհաղթահարվի հեղափոխական էյֆորիան, դմփ-դմփ-հուի էֆեկտը կանցնի, և տնտեսությունն ապաշնորհ կառավարման արդյունքում լուրջ  խնդիրների առաջ կկանգնի, ժողովուրդը կհասկանա, թե ի՞նչ է կատարվում, և հենց այդ ժամանակ կլինի իսկական հեղափոխությունը:

Հիմա կմտածեք, որ խոսքը հակահեղափոխության մասին է,  բայց՝ ոչ: Նիկոլ Փաշինյանն իրավացի է, հակահեղափոխություն չի լինելու, բայց դրա փոխարեն՝ լինելու է խելոքների հեղափոխություն, ովքեր իշխանության են գալու ոչ թե զոռբայությամբ, այլ խելքով, գիտելիքով ու իմաստությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ