06 12 2018

Կա ճնշում դատարանների վրա, չկա օբյեկտիվ քննություն. Ռոբերտ Քոչարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին



«5-րդ ալիք» Հ/Ը-ն ֆիլմ է պատրաստել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, որտեղ իր տեսակետն է ներկայացնում նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է։Նա պատմեց, որ ծանուցման մասին իմացել է, երբ Հունաստանում էր, տեղեկացրել են ընտանիքի անդամներն ու իր գրասենյակի աշխատակիցները։ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր համար ծանուցումն անակնկալ չի եղել։«Բավականաչափ հայտարարություններ կային, որ «Մարտի 1-ի» գործով քննությունը պետք է ակտիվացվի, և այս տեսանկյունից ծանուցումն ինձ համար անակնկալ չէր։ Ինձ մոտ վերադառնալու, չվերադառնալու հարց ընդհանրապես չէր առաջացել, բավական երկար ժամանակ մամուլում հնչեցվում էին տարբեր մտքեր մարտի 1-ի վերաբերյալ, և այդ ամենը կապվում էր իմ անվան հետ։ Ես մտածեցի, որ սա լավ առիթ է նաև այդ գործի քննության շրջանակում ցույց տալ հանրությանը, որ որևէ առնչություն չունեմ այդ  10 զոհերի հետ։ Այդ տեսանկյունից միայն դրական էմոցիաներ ունեի գործի քննության վերաբացման ու շարունակության վերաբերյալ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ ինքն ի սկզբանե ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, բայց ներկայանալուց անմիջապես հետո իրեն մեղադրանք առաջադրվեց։«Բացի մեղադրանք առաջադրելուց, նաև որոշում կայացվեց, որ դիմեն դատարան կալանավորման հարց լուծելու համար, և միանգամից տպավորություն ձևավորվեց ինձ մոտ,  հետագայում հիմնավորվեց, որ այս քննչական խումբը նպատակ չունի այս  գործը բացահայտելու, այլ կա նշանակված մեղավոր, և իրենք ամեն ինչ պետք է անեն այդ մեղքն ապացուցելու համար»,- շարունակեց Քոչարյանը։Նա հայտարարեց նաև, որ հիմա իր համար զարմանալին այն է, որ այդ նույն պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել:

«Զարմանալի է, որ քննչական խմբի ղեկավարը շարունակում է մնալ ղեկավար ինձ հետ կապված քրեական գործում: Այդ մարմնի վարույթից պիտի հանեին ու այլ վարույթ տեղափոխեին, կամ քննչական խմբի ղեկավարը պետք է անմիջապես ազատվեր աշխատանքից, և սա ևս մեկ անգամ հաստատում է, որ կա ճնշում դատարանների վրա, չկա օբյեկտիվ քննություն, կան նշանակված մեղավորներ, որոնց մեղքը յուրաքանչյուր գնով պետք է ապացուցվի:Եվս մեկ անգամ այդ հեռախոսազրույցը բացահայտեց նաև, որ կալանավորման նպատակը ցուցմունքներ կորզելն է, ինչը կոպիտ խախտում է և՛ եվրոպական կոնվենցիաների, և՛ մեր օրենսդրության, այս 2 չափազանց կարևոր հանգամանքները, կարծում եմ, ևս մեկ անգամ հաստատեցին բոլոր կասկածներս»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ