03 12 2018

Ոչ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին հրավիրել ոստիկանություն․ Շարմազանով

Ոչ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին հրավիրել ոստիկանություն․ Շարմազանով

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է քարոզարշավի ութերորդ օրը:

«Այսօր ակնհայտ դարձավ մի պարզ բան՝ նեոբոլշևիկյան ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, որովհետև քարոզչություն անելու, իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում են ատելության դոզան, իրականացնում են հակաքարոզչություն, սերմանում են թշնամանք և կիրառում են վարչական ռեսուրս»,-ասաց նա:

Շարմազանովը նշեց՝ Արտաշատում Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հռոմի սենատոր Կատոն Ավագին, որը Կարթագենի հետ պատերազմի ժամանակ իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր խոսքով, որ Կարթագենը պետք է կործանվի:

«Փաշինյանը կամ նրան հուշողները մոռացել են, որ Կարթագենի կործանումից հետո Հռոմում հանրապետական կարգերը տապալվեցին, և Հռոմը վերածվեց միապետական, դիկտատուրական պետության, որտեղ ոչ թե իշխում էին ժողովրդավարական կարգերը, սենատն ու բազմակարծությունը, այլ իշխում էր միապետի կամքը: Իշխում էր ոչ թե ժողովրդավարությունը, այլ պղծության և համասեռամոլության քարոզը, ամենաթողությունը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ այսօր Փաշինյանը իր հետ քայլածներին նշանակում է դեպուտատ և նախարար: «Հորդորս իրեն, որ շատ չուրախանա Կարթագենի կործանումով, որովհետև այսօր մարդկությունը Հանիբալին հիշում է որպես ճշմարիտ հերոս, իսկ Ներոնին՝ որպես ստահակ: Մի՛ ոգևորվեք, ժամանակը բոլորիս գնահատականը կտա»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այսօր հանրապետությունում՝ Լոռու մարզում, օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ թեկնածուների օգտին, հրավիրվում են ոստիկանական բաժիններ:

«Բացատրական զրույցներ են անում՝ չարժե աշխատել ՀՀԿ-ի համար: Ձեր ի՞նչ գործն է, դուք ի՞նչ իրավունք ունեք Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին ասել, թե՝ քանի ընտրությունը չի ավարտվել, գնացե՛ք, բա Փաշինյանը ներգաղթի կողմնակից էր: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանության բաժանմունքներ և ասել՝ մի՛ աշխատեք հանրապետականների օգտին»,- ասաց նա և իրենց կողմնակիցներին կոչ արեց ոչ մի բանից չվախենալ:

«Որևէ բանից չվախենաք՝ ոստիկանություն կլինի, ԱԱԾ կլինի, մարզպետ, փոխմարզպետ կլինի, Նիկոլ Փաշինյանի մտերիմ թե մերձավոր կլինի, դուք որևէ անօրինական բան չեք անում», -ասաց նա և կոչ արեց քվեարկել համար 1-ին` ՀՀԿ-ին, քանի որ միայն ՀՀԿ-ն է, որ կարող է բռնապետության դեմն առնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ