03  12  2018

«Լազարյան ակումբ»-ի ողջ գաղափարը՝ ըստ համահիմնադրի



«Մենք միշտ խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին, բայց հաճախ բուն գործընթացը չի առարկայանում կամ դրանց մակարդակը չի կարելի համարել լիարժեք բավարար: «Լազարյան ակումբ»-ը կոչված է երկու երկրների փորձագետների, գիտնականների, քաղաքական գործիչների, հանրության փոխգործակցության, ապագայի ծրագրերի պակասը լրացնելուն նպաստելուն»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ակումբի համահիմնադիր, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը:

«Երբ մենք մի քանի հոգով սա նախաձեռնում էինք, սպասում էինք, որ առաջին նիստերն ավելի շուտ ճանաչողական են լինելու, քան առարկայական քննարկումների հարթակ: Ընթացավ շահագրգիռ քննարկում, ծայրաստիճան կարևոր հարցեր քննարկվեցին «Լազարյան ակումբ»-ում, հարցեր, որոնք վաղուց չէին բարձրաձայնվել»,- ասաց Վիկտռոր Սողոմոնյանը։

Մինչև ընթացիկ տարեվերջ կգործի ակումբի կայքը, որտեղ զետեղված կլինեն հնչած ելույթների սղագրությունները։

«Ինձ համար կարևոր է, որ բովանդակային, կարևոր հարցեր բարձրացվեցին, բայց հարցեր կային, որ կուզենայի շեշտադրվեին՝ անվտանգության, ղարաբաղյան հակամարտության արդի փուլի, դրա կարգավորման հնարավորությունների, ռազմական տեխնիկայի վերաբերյալ հարցերը: Սրանք ոչ միայն բարձրաձայնվեն համաժողովներում, այլ որպես ձևակերպված տեքստ՝ հայտնի լինեն հասարակությանը»,- ասաց ակումբի համահիմնադիրը։

Ինչ վերաբերում է առաջին նիստին Հայաստանի իշխանության ներկայացուցիչների բացակայությանը, Սողոմոնյանն ասաց․ «Ակումբը որևէ կերպ նպատակ չի հետապնդում իրենով փոխարինել պետական ինստիտուտների միջև հարաբերությունները կամ ներառել ամբողջական երկխոսության տարածքը: Մենք լավ հասկանում ենք, որ կա երկխոսության հարթակ քաղաքական ուժերի միջև: Հուսով եմ, որ բացակայությունը պայմանավորված չի եղել այս կետի սխալ ընկալմամբ։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ ուշադրություն կդարձնեն հարթակին ու ակումբի նստաշրջանին: Պարզ դարձավ, որ հարցերի բավականին լայն շերտ, որ պետք է պետական մարմինների կողմից հնչեցված լինեին կա՛մ լավ տեղ չէին հասել կա՛մ հայտնի չէին, կրկնման կարիք ունեն: Հուսամ, որ յուրաքանչյուր գործող իշխանություն կհասկանա, որ հարաբերությունները զարգանում են նաև այսպիսի ձևաչափերով, որն ավելի արդյունավետ է հաճախ լինում»։

Ինչ վերաբերում է ակումբի հետագա աշխատանքներին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ հաջորդ նստաշրջանը կկազմակերպվի փետրվար ամսին, իսկ թեմաների ընտրություն կկատարվի կուտակված բազմաթիվ հարցերից՝ տնտեսական, ինտեգրացիոն, ռազմական, տնտեսական։ Հավանաբար, հաջորդ նիստն էլ Երևանում տեղի կունենա, հետո կսահմանվի հերթականություն։

«Հաջորդ տարին առավել հետաքրքրական ուղղություններ է բացելու և հույս ունեմ՝ կհաջողենք»,- ասաց «Լազարյան ակումբ»-ի համահիմնադիրը:

Հիշեցնենք, որ «Լազարյան ակումբ»-ի առաջին լիագումար նիստին այստեղը։

Նիստի առաջին օրն ամբողջությամբ՝ այստեղ և այստեղ։

Նիստի երկրորդ օրն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ