29 11 2018

Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում քվեարկել Շարմազանովի օգտին

Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում քվեարկել Շարմազանովի օգտին

Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ համապետական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը։

«Հարգելի հայրենակիցնե՛ր, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միևնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ:

Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, և ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները:։ Բայց և այնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջև ներկայացնելու և ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով:

Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երեւան։

Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու եւ իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»,– գրել է Արփինե Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ