28 11 2018

Իրար հայհոյելու փոխարեն ներկայացրեք՝ ինչպես եք պատկերացնում բանակի արդիականացումը․ Չալաբյան

Իրար հայհոյելու փոխարեն ներկայացրեք՝ ինչպես եք պատկերացնում բանակի արդիականացումը․ Չալաբյան

Երեկ ընտրարշավի արդեն ավանդական հայոյանքներով եւ սպառնալիքներով համեմված ֆոնին, սկսեցին հայտնվել նաեւ որոշ կառուցողական գաղափարներ. Օրինակ, «Մենք» դաշինքի ղեկավար Արամ Սարգսյանը առաջարկեց բանակում պայմանագրային զինծառայողների թիվը ավելացնել 20 000 մարդով, եւ առաջին գծից հետ քաշել ժամկետային զինծառայողներին, միաժամանակ լուծելով մի քանի խնդիր՝ ստեղծել աշխատատեղեր, եւ նվազեցնել ժամկետայինինների ծնողների վախերն ու մտահոգությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արար» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ես վաղուց զբաղվում եմ այս խնդրով, եւ կուզենայի հիմա փոքր-ինչ մասնագիտական արձագանք տալ։ Նախ, ընդհանուր գաղափարը ճիշտ ուղղությամբ է, եւ այսօր արդեն մեր բանակի զինծառայողների մոտ 60% պայմանագրային են, եւ ընդամենը 40% է ժամկետային։ Երկրորդը, Հայաստանը հայտնվել է հիմա դեմոգրաֆիական փոսում, եւ մինչեւ 2023 թվականը առնվազն ժամկետային զինակոչիկների թիվը ամեն տարի նվազելու է, եւ նրանց բոլոր դեպքերում պետք է լինելու փոխարինել պայմանագրային ծառայողներով։ Երրորդն էլ, առաջնագծի պահպանությունը վերջին տարիներին դառնում է ավելի ու ավելի տեխնոլոգիական գործ, եւ հնարավորություն է տալիս հետ քաշել կենդանի ուժի մի մասը։

Սակայն այս գաղափարի իրականացումը բախվում է այլ խնդրի։ Թվում է, որ Հայաստանում առկա գործազրկության պայմաններում, բազմաթիվ պետք է լինեն պայմանագրային ծառայության անցնելու ցանկացողները։ Իրականությունը այն է սակայն, որ այսօր բանակում առկա վարձատրության պայմաններում, հակառակն է տեղի ունենում՝ մարդկանց ավելի ձեռնտու է խոպան գնալ, կամ զբաղվել սեզոնային աշխատանքով, բայց խուսափել բանակային ծառայությունից, որովհետեւ այն ոչ միայն թերվարձատրվող է, այլեւ շատ ծանր, վտանգավոր, եւ իրականացվում է երկրի հեռավոր հատվածներում, քաղաքակրթությունից եւ հաճախ տարրական սոցիալական պայմաններից հեռու։

Արամ Սարգսյանը առաջարկում է այդ նպատակով սահմանել պայմանագրայինների աշխատավարձը ամսական 1000 դոլարի չափով, եւ գնահատում է, որ տարեկան լրացուցիչ ծախսը կկազմի 240 միլիոն դոլար։ Իրականում այն շատ ավելին է, որովհետեւ պետք է համարժեք բարձրացնել նաեւ այսօր ծառայող 40 000 պայմանագրային զինծառայողների վարձատրությունը առնվազն նույն մակարդակի, եւ նաեւ նրանց ընտանիքների համար կեցության ավելի գրավիչ պայմաններ ստեղծել՝ այդ դեպքում տարեկան լրացուցիչ ծախսը կանցնի կես միլիարդ դոլարից, իսկ դա բանակի ամբողջ ներկա բյուջեն է։

Այս խնդրի լուծումը հնարավոր է, եթե մենք ամեն տարի բանակի ֆինանսավորումը ավելացնենք առնվազն 20-25%-ով, եւ միջոցների զգալի մասը ուղղենք պայմանագրային զինծառայողների, ներառյալ սպաների, բարեկեցության բարձրացմանը։ Սա հսկայական քանակությամբ խնդիրներ կարող է լուծել՝ բարձրացնել սպայական մասնագիտության խաթարված հեղինակությունը, եւ սպայական ծառայության ներգրավել ավելի որակյալ կադրեր, նվազեցնել բանակում կոռուպցիան, որը զգալի չափով պայմանավորված է նաեւ ցածր վարձատրությամբ, բարելավել բանակում հոգեբանական մթնոլորտը, ժամկետայիններին աստիճանաբար հետ քաշել առաջնագծից, եւ, հեռանկարում նաեւ, նվազեցնել ժամկետային ծառայության տեւողությունը։ Արդյունքում, մենք նորից կունենանք բանակ, որին կարելի է լիարժեք վստահել, թե երկրի անվտանգությունը, եւ թե սեփական երեխաներին։

Այս ամենի համար պետք է վճարել, բայց նորմալ տնտեսական աճի եւ բյուջետային միջոցների խելամիտ օգտագործման պայմաններում սա մի քանի տարվա ընթացքում հնարավոր է։ Վաղուց առնչվելով բանակին եւ նրա խնդիրներին, ես հստակ գիտեմ, որ դրանք կտրուկ եւ հստակ լուծումներ են պահանջում, եւ այդ լուծումները քաղաքական դաշտում են։ Ուստի ես կոչ եմ անում ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին իրար հայհոյելու փոխարեն հստակ ներկայացնել, թե ինչպես եւ ինչ միջոցներով են իրենք պատկերացնում իրականացնել բանակի արդիականացումը եւ որակյալ կադրերով համալրումը, եւ իմ ձայնը կտամ այն ուժին, որը առավել հիմնավոր եւ իրատեսական մոտեցում կներկայացնի։ Այլապես, ցանկանում եմ բոլորիդ ավելի դինամիկ եւ գաղափարական ընտրարշավ, օգտակար մտքերով եւ նախաձեռնություններով լի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ