26 11 2018

«Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ծրագիրը

«Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ծրագիրը

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ

2018թվականի դեպտեմբերի  9-ը

Իսկական լիբերալը նման է այգեպանի, ով պետք է որքան հնարավոր է շատ բան իմանա այն ծաղկի մասին, որին նա խնամում է…

Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։

Այսպիսով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝

հետամուտ լինելով արժանապատիվ ազգային ինքնության արժեհամակարգի պահպանմամբ Հայաստանում եվրոպական չափանիշների, ժողովրդավարական, անվտանգ, օրենքի գերակայության, սոցիալական արդարության, բարեկեցիկ և հզոր պետության կառուցման նպատակին,գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման հրամայականը,գործելով բացառապես Հայաստանի ազգային շահերով և ազգային արժանապատվությամբ,

որոշում է կայացրել մասնակցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՀՀ Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր գուծունեությամբ նպաստելու, նախաձեռնելու և իրականացնելու է բարեփոխումներ՝ ուղղված.  

 

  • սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը,
  • պետության և հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դրա առանձին տարրերի կայուն, համաչափ զարգացմանը,
  • անհատի համար, ինքնաիրացման և զարգացման միջոցով, երջանիկ կյանքի հիմքերի ապահովմանը,
  • անվտանգային հիմնահարցերի նկատմամբ օպերատիվ, համակարգային և համախմբված սկզբունքներով ռազմավարության մշակմանն ու կիրառմանը,
  • ազգային արժեհամակարգի բաղադրիչների՝ այդ թվում՝ մշակույթի, ավանդույթների, լեզվամտածողության զարգացմանը և իրացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը,
  • լիբերալ գաղափարներով մեխանիզմների ներդրման և կիրարկման միջոցով տնտեսական համակարգի առողջացմանը,
  • երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և լուծման նոր մեխանիզմների ներդրմանը,
  • ստվերային տնտեսության վերացմանը և արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը,
  • մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը,
  • աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման նվազեցմանը,
  • ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը (ծնելիության աճ, ներգաղթի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում և արտագաղթի նվազեցում):

Արտաքին քաղաքականությունը

Գիտակցելով միջազգային բարդ իրավիճակը և ուրվագծվող աշխարհաքաղաքական միտումները, մասնավորապես՝ արագընթաց զարգացումները աշխարհում, գործող աշխարհակարգի ճգնաժամն ու դրա ծնած ռիկսերը, Հայաստանը պարտավոր է իրագործել երկրի կայուն անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող հավասարակշիռ, ճկուն և հեռատես արտաքին քաղաքականություն։

Արտաքին աշխարհում մեր ազգային շահերի պատշաճ ապահովման համար առաջնային է փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասություններից։

Եվրոպական Միություն: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայանգիրը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Հայաստանը պետք է նախաձեռնողական վարքագիծ դրսևորի համաեվրոպական գործընթացներում և կառույցներում՝ ներկայանալով որպես Եվրոպական Միության և առաջատար երկրների համար տարածաշրջանում եվրոպական քաղաքակրթության և ժողովրդավարության արժեքների իրական կրող։ Դրա համար անհրաժեշտ են ներքին համակարգային համապարփակ բարեփոխումներում արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացիա։

ԵԱՏՄ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 2017-ին հանդիսանալով ԵԼՔ դաշինքի հիմնադիր անդամ, նրա ծրագրում արձանագրել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է մեկ գիշերում կայացրած քաղաքական սխալ որոշում։ Մեր կուսակցության համար հիմք է հանդիսացել գլխավորապես այն հանգամանքը, որ 2013-ին ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումը չի հանդիսացել Հայաստանի ինքնաբավ արտաքին քաղաքականության դրսևորում և, ըստ էության, եղել է պարտադրված երկընտրանքի հետևանք՝ ընտրություն կատարել Եվրոպական ասոցացման համաձայնագրի կամ ԵԱՏՄ անդամակցության միջև։

2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում տեղի են ունեցել ֆունդամենտալ փոփոխություններ, որոնք ստեղծել են միանգամայն նոր իրավիճակ ու համատեքստ։

Նախ՝ Հայաստանին վերջապես հաջողվեց, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ի հետ ստորագրել և վավարեցնել CEPA-ն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Երկրորդ՝ 2018թ-ի մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը էապես մեծացրել է Հայաստանի սուբյեկտությունը, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծել արտաքին քաղաքական հարաբերություններում վարել արժանապատիվ՝ հավասարը-հավասարի գործընկերային քաղաքականւթյուն։ Նոր իրավիճակի արդյունքում հնարավոր է դարձել ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ԵԽ և այլ միջազգային կառույցներում հանդես գալ Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականությամբ։

Նոր իրողությունները թույլ են տալիս արձանագրել, որ հնարավորություն է ստեղծվել բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում գործել ի շահ Հայաստանի և զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Լինելով ԵԱՏՄ միության անդամ՝ Հայաստանը արդյունավետ փոխգործակցության միջոցով պետք է առավելագույնս իրացնի տնտեսական հնարավորությունները գործընկեր երկրների հետ, պահպանելով իր ինքնիշխանությունը և առաջ մղելով մեր պետության շահերը։ Ավելին, Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան՝ եվրասիական և եվրոպական կառույցների միջև համագործակցության հարթակ դառնալու համար։

Միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու դիրքերից ու համարել ու համարում է, որ անթույլատրելի է Հայաստանի եվրասիական զարգացումը միակն ու անփոխարինելին համարելը։ Վստահաբար՝ աշխարահաքաղաքական, տարածաշրջանային յուրաքանչյուր ստատուս-քվո պահանջում է նոր ու կրեատիվ լուծումներ ու մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի ճկուն՝ հնարավոր մարտահրավերները չեզոքացնելու ու նոր հնավորություններն արդյունավետորեն օգտագործելու համար։

Ռուսաստանի Դաշնություն: Ռազմավարական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է պահպանվեն՝ հիմնվելով հավասարության, փոխվստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ խրախուսելով բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը։ Արժևորելով Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն:

ԱՄՆ։ Անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության դաշտը  ԱՄՆ-ի հետ՝  ինչպես տնտեսական և մշակութային, այնպես էլ քաղաքական ասպարեզում։ ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը և մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը։Վրաստան, Իրան։ Ձեռնարկել բոլոր միջոցները ամրապնդելու համար համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ՝ հիմնված փոխվստահության և գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում։ 

Արցախյան հիմնահարց

Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: Ունենալով հզոր տնտեսություն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, հարկ եղած դեպքում՝ նաև ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում: Ընդ որում՝ Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն կառուցելու միջոցով: Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները: Սատարում ենք արցախյան խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Զուգահեռաբար մտադիր ենք ավելացնել մեր պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական և տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաջնահերթություն։

Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությունը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ 

Ազգային արտաքին շահերի արդյունավետ իրագործումը պետք է վստահվի բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածություն և իրական փորձառություն ունեցող արհեստավարժ դիվանագետների։ Անհրաժեշտ է մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր տեսլական, ընդունել «ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգը», բարեփոխել Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, իրավիճակին համահունչ արդիականացնել արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչության համակարգն ու գործելակերպը։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ