20 11 2018

Իշխանության գողության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու․ քաղաքագետ

Իշխանության գողության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու․ քաղաքագետ

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մարդկանց մեծ խումբը կարող է լինել կազմակերպված հասարակություն, կարող է նաև վերածվել ամբոխի: Կոնկրետ անհատը հասարակության մեջ իրեն դրսևորում է որպես գիտակից էակ, իսկ ամբոխի մեջ որպես էմոցիաներով առաջնորդվող արարած:

20-րդ դարի առաջին կեսին աշխարհի ամենաառաջավոր ազգերից մեկը գերմանացիներն էին: Գերմանական ֆունդամենտալ գիտությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մշակույթը աննախադեպ առաջընթաց էր ապրում, սակայն գերմանացիներն իրենց ոչ ամենակրթված ցեղակցի հիպնոսի տակ հայտնվեցին:

Ապրիլյան իշխանափոխությունը ցույց տվեց, որ հայաստանցիները կարող են միավորվել և կազմակերպվել: Միջազգային մամուլը հիացել էր հայերից, իսկ շատ ազգեր հայերին նախանձում էին:

Դա մեծ հնարավորություններ էր բացում մեր առջև: Սակայն քաղաքական միտքը չկարողացավ այմ իմաստավորել և հասարակությանը զարգացման նախագիծ առաջարկել:

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին:

Կազմակերպված հեղափոխական ժեղովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար դիրիժորի օգնությամբ:

Չիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջև դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանությանը հարցը:

Ընտրությունների արագ, բլից կրիգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:

Այդ գողության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյոք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե նոր ֆյուրեր կորոնի, դեռ հարց է»,- գրել է Դանիելյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ