14 11 2018

Մեզ գրպանային ընդդիմություն պետք չի լինելու. Արարատ Միրզոյան

Մեզ գրպանային ընդդիմություն պետք չի լինելու. Արարատ Միրզոյան

Մենք ունենք պետական կառավարման ուռճացված համակարգ։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Նախ կա այս զուգահեռ համակարգ կոչվածը՝ հիմնադրամների, ՊՈԱԿ–ների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր են եւ ավելի մեծ ռեսուրսներ կան, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունները անի, այսինքն՝ պետք է այս ամենը վերանայել, բոլորի գոյությունը հատ–հատ վերաիմաստավորել, եթե իհարկե անհրաժեշտ է, որ որևէ այսպիսի կառույց լինի, ապա կմնա, իսկ եթե ոչ, կտարրալուծվի կամ կմիաձուլվի այլ կառույցների հետ»,–նշեց նա։

Միրզոյանը հայտնեց նաև, որ աշխատում են քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Նախարարությունների թվի կրճատման մասին նա հավելեց, որ մի քանի տարբերակներ կան նախարարությունների թվի առնչությամբ, որոնք 90 տոկոսով համընկնում են, մասնավորապես խոսքը գնում է 9-11 նախարարություն ունենալու մասին։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրական ցուցակը դուր չի եկել և նա պատռել է այն։

Նա ցուցակում թեկնածուների ճանաչելիության մասին հարցին ի պատասխան հայտնեց՝ ցուցակը կազմելիս փորձել են այնպես անել, որ ռեյտինգային ցուցակում տվյալ ընտրատարածքում ճանաչելի մարդիկ ընդգրկված լինեն։

Նա ընդդիմություն կհամարի այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքում կառավարության կազմում չեն լինի։

«Մեզ ձևական, գրպանային ընդդիմություն պետք չի եղել և պետք չի լինելու»,–եզրափակեց նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ