13 11 2018

Ինչ-որ ժամանակ կգա, և Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ. Գալուստ Սահակյան

Ինչ-որ ժամանակ կգա, և Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի կարծիքով` ինչ-որ ժամանակ հետո Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ: Այս մասին նոյեմբերի 13-ին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն չպետք է խոսի Մարտի 1-ի մասին:

«Այսօր ինչ ասում է, քաղաքական բնույթի խոսակցություններ չեն: Իսկ ինչ վերաբերում է, որ մենք այսօր քննարկենք Մարտի 1-ի խնդիրները, ապա Մարտի 1-ի համար ստեղծված էր հանձնաժողով, որտեղ քննարկվում են խնդիրները, և եթե մեղավորներ կլինեն, նրանք կպատժվեն»,- ասաց Սահակյանը:

Հարցին` եթե չլինի ընտրակաշառքը, բանակի աջակցությունը ՀՀԿ-ն կարո՞ղ է ձայն հավաքել, նա պատասխանեց. «Իհարկե, կարող է: ՀՀԿ-ն եթե նույնիսկ ձայն էլ չհավաքի, ամենակարևոր կուսակցությունը կմնա հասարակության մեջ: Իսկ հիմա ես գտնում եմ, որ ժամանակն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ձայն կհավաքի, և ասում եմ, որ եթե նույնիսկ մի քանի հոգի ՀՀԿ-ականներ լինեն ԱԺ-ում, իմացեք, որ ամբողջ քաղաքական ծրագրերի և դրանց քննարկումներն ու վերլուծությունները կայանալու են նրանց միջոցով, նրանց հետ միասին»:

ՀՀԿ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ իրենց ընդդիմադիր գործունությունը չի գնալու այն ճանապարհով, որ տեսնեն` ինչքան վատ է աշխատում իշխանությունը, այնքան լավ իրենց համար. «Քաղաքական ուժերի մեջ փորձառու ուժեր չկան, որ կարողանան ընդդիմություն լինել: Դա միայն ՀՀԿ-ն է: Մեր կուսակցությունը ստեղծվել է հենց այդ պայմաններում, հենց դրա համար, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր երկրի անվտանգությունը»:

Հարցին էլ` դժվար չէ՞ 20 տարի իշխանություն ունենալուց հետո դառնալ ընդդիմություն, Սահակյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ մեր ազգն անընդհատ իշխանություններ ունենար` 20 տարի կլինի, թե 151 տարի»:

Այն հարցին, թե կառաջադրվի՞ ՀՀԿ ռեյտինգային կամ համամասնական ցուցակով, պատգամավորը պատասխանեց. «Դեռևս որոշված չէ: Որտեղ որ բնակվում ենք` և' ես եմ այդտեղ բնակվում, և' իմ որդին է այդտեղ բնակվում, ես կամ իմ որդին պետք է դնենք: Ես շահագրգիռ եմ, որ իմ որդին դնի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ