09  11  2018

Մեր արևմտյան գործընկերները սովորություն են դարձրել գործել ըստ մեգաֆոնային դիվանագիտության. Լավրով

Մեր արևմտյան գործընկերները սովորություն են դարձրել գործել ըստ մեգաֆոնային դիվանագիտության. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է պաշտոնական Վիեննայի վերջին հայտարարությունները, ըստ որոնց՝ Ավստրիայի ԶՈւ-ի նախկին գնդապետերից մեկը տարիներ շարունակ լրտեսությամբ է զբաղվել Ռուսաստանի օգտին:

Ինչպես հաղորդում է RT հեռուստաալիքը, Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում այդ մասին տեղեկություն չունեն:

«Ըստ միջազգային շփման նորմերի՝ պետք է ուղիղ կերպով պարզաբանման հարցում կատարել: Ցավոք, վերջին շրջանում մեր արևմտյան գործընկերները սովորություն են դարձրել գործել ոչ թե ընդունված կարգին համապատասխան, այլ ըստ մեգաֆոնային դիվանագիտության՝ հրապարակայնորեն մեղադրելով մեզ, պահանջելով հրապարակային պարզաբանումներ տալ ինչ-որ հարցերի վերաբերյալ, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չէ», - ասել է Լավրովը:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել:

Կուրցը նշել է, որ առկա տվյալների համաձայն՝ ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:

Նշվում է, որ գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ:

Մինչդեռ Kronen Zeitung պարբերականը գրում է, որ արդեն թոշակի անցած գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո է ստացել: Սակայն աղբյուրը չի մանրամասնում՝ գումարն ամսեկան է վճարվել, թե՝ տարեկան:

Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ