09  11  2018

Արմեն Սարգսյանը՝ նոր նստավայրի, Սերժ Սարգսյանի և Բոլթոնի հայտարարության մասին

Արմեն Սարգսյանը՝ նոր նստավայրի, Սերժ Սարգսյանի և Բոլթոնի հայտարարության մասին

Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու համար դեռ պետք է որոշակի գործընթաց անցնի և ԱԺ-ն դեռ հաստատի: Այս մասին նոյեմբերի 9-ին ԵՊՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահի նստավայրի տեղափոխության վերաբերյալ Կառավարության որոշմանը:  Արմեն Սարգսյանը նշեց, որ իր համար անձնապես կարևոր չէ, թե որ շենքում կաշխատի:

«Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն  է ավելի հարմարավետ է աշխատանքի համար: Ցավոք Մաշտոցի 47-ը, որը հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, Մատենադարանի հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած այլ պայմաններով: Կարծում եմ ներկայացուցչական իմաստով լավ շենք է և կարող է ապագայում դեռևս ծառայել, բայց Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար և ես ուրախ եմ դրա համար»,-ասաց նա: Լրագրողները նախագահից հետաքրքրվեցին, թե ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի  այցից նրա հայտարարություններից հետո ի՞նչ հետևությունների է հանգել, ի՞նչ հետևանքներ կունենան ամերիկյան սանկցիաները տարածաշրջանում: Արմեն Սարգսյանը նշեց, որ անձնապես Բոլթոնին չի հանդիպել:

«Բայց խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, որովհետև պրոցեսներն արագ են, փոփոխական և պետք է սպասենք ու տեսնենք մոտակա ժամանակաշրջանում ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը ռեգիոնում»,-ասաց նա:

 Արմեն Սարգսյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունի: Նախագահ Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում որևէ հարաբերություններ չունի:

«Ցավոք սրտի, վերջին շրջանում որևէ հարաբերություն չունեմ, նկատի ունեմ, որ չենք հանդիպել իրար»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերբերվում այն խոսակցություններին, թե նախագահի լիազորությունները պետք է ընդլայնվեն, նախագահ Սարգսյանն ասաց, որ նախագահի լիազորություններն ավել թե պակաս, իր համար էական չեն:

«Երբ ինձ առաջարկություն արվեց նախագահ դառնալ, հստակ էր Սահմանադրությունը, որ իմ առջև էր դրված, հստակ չէին որոշ օրենքներ, որոնք հետո ընդունվեցին, բայց դրանք էլ էական չեն: Կարծում եմ, որ Սահմանադրության մեջ գրառումը, թե որոնք են ՀՀ նախագահի պարտականությունները, հստակ է, և դրանք լինեն մի քիչ ավելին կամ պակաս, իրականում կապ չունի, որովհետև ես հստակ պատկերացնում եմ, թե ինչ պետք է անեմ, որպեսզի ծառայեմ երկրին: Իսկ որոշ շրջանակներ, որ խոսում են լիազորությունների բարձրացման կամ նույնիսկ պակասեցման համար, թողնում եմ այդ հարցը տաք իրենց, թե ինչու պետք է ավելանան կամ պակասեն»,- ասաց նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ