07 11 2018

ԱՄՆ-ն որոշել է՝ ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է նվազագույնի հասցվեն․ Կիրո Մանոյան

ԱՄՆ-ն որոշել է՝ ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է նվազագույնի հասցվեն․ Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համաձայն է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանը պետք է շարունակի ստանձնել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ով կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը, նա նշեց, որ սակայն չի կարծում, թե ՀԱՊԿ-ի մյուս անդամներն այս հարցում համակարծիք են Հայաստանի տեսակետի հետ այն վերաբերմունքի պատճառով, որ մենք ցուցաբերել ենք ՀԱՊԿ-ի նկատմամբ, անգամ` եթե դա չէր մեր նպատակը:

«Այսինքն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելը, դատական գործ հարուցելը և մեղադրելը, առանց համապատասխան քայլեր նախապես արած լինելու, մեկնաբանվեց որպես ՀԱՊԿ-ի նկատմամբ վիրավորանք: Կարծում եմ` դժբախտաբար, այդ մոտեցումը կշարունակվի ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների կողմից, և նրանք համաձայն չեն լինի, որ Հայաստանը շարունակի ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասաց Մանոյանը:

Անդրադառնալով այն լուրերին, որ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ անդամ դառնալ, նա նշեց, որ շատ է խոսվել այն մասին, որ Ադրբեջանը չի կարող առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ անդամ դառնալ: Ըստ Մանոյանի՝ Ադրբեջանը նման փորձեր միշտ էլ անելու է և ոչ թե այն բանի համար, որ ՀԱՊԿ անդամ դառնալու մեծ ցանկություն ունի, այլ որովհետև ցանկանում է մեզ միշտ անհանգիստ դրության մեջ պահել՝ կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ, թե՞ ոչ: «Առնվազն Ռուսաստանը, եթե ոչ` ՀԱՊԿ մյուս անդամները շահագրգռված են, որ Ադրբեջանին ցույց տան, որ կարող է ՀԱՊԿ անդամ դառնալ, այսինքն՝ փորձում են սիրաշահել Ադրբեջանին: Պարզ է, որ նրանք միշտ էլ փորձելու են սիրաշահել Ադրբեջանին՝ իրենց շահերից ելնելով, այլ ոչ թե` մեր շահերը հաշվի առնելով: Սակայն ես համոզված եմ, որ քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ անդամ դառնալ: Եթե Ադրբեջանը մեր սպառնալիքներից մեկն է, ինչպե՞ս  կարող է դառնալ մեր անվտանգության համակարգի մաս»,-ասաց Մանոյանը:

Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցների թեմային՝ Մանոյանը նշեց, որ ԱՄՆ-ի խնդիրը, Իրանի հետ կապված, իսկապես, մտահոգիչ է. այն պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները կիրառում է Իրանի նկատմամբ, ԵՄ-ն չի ընդունում։

Նրա խոսքով՝ արդեն իսկ տեսանք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջանային այցի նպատակներից մեկն էլ տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր, և այդպես էլ շարունակվելու է:

Ըստ Մանոյանի՝ Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի հասնեն, քանի որ ԱՄՆ-ն այդպես է որոշել: «Իսկ թե որքան է արդար ԱՄՆ-ի որոշումը, այլ հարց է, քանի որ եթե ԵՄ-ն չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը, դա խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգներն այդ որոշումը կայացրել է` ինչ-ինչ հաշիվներից ելնելով: ԱՄՆ-ում դեմոկրատների ընտրությունը կարող է ինչ-որ չափով ազդել, որ այդ պատժամիջոցները մի փոքր մեղմանան: Սակայն մինչ այդ այս խնդիրը մեզ համար մտահոգիչ է»,- ասաց նա:

Մանոյանը նշեց՝ չի կարելի միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին և շարունակել հարաբերություններն Իրանի հետ, հարկավոր են բացատրական աշխատանքներ: Այս հարցում, ըստ նրա, իր դերը կարող է ունենալ ԱՄՆ-ի հայ համայնքը, որպեսզի տեղի իշխանություններին բացատրի, որ Հայաստանն այլընտրանք չունի:

Ըստ Մանոյանի` մենք փորձեցինք Թուրքիայի հետ հարաբերությունները բնականոն դարձնել, բայց չստացվեց, և մեղավորը թեև Թուրքիան էր, բայց պատասխանատվության իր բաժինն ունի նաև ԱՄՆ-ը: «Երբ 10 տարի առաջ հնարավորություն ունեին Թուրքիայի վրա ավելի շատ ճնշում գործադրելու, հիմա այդ հնարավորությունն էլ չունեն: Այսօրվա Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը միայն մեր երկու հարևանների տարածքով է՝ Վրաստանի և Իրանի, ուստի Իրանի հետ շարունակելու ենք մեր տնտեսական հարաբերությունները: Պարզ է, որ այս ընթացքում Հայաստանը միշտ զգույշ է եղել ոչ միայն Իրանի հետ, այլև, առհասարակ, արտաքին հարաբերություններում, որ այնպես չանի՝ արտաքին հարաբերությունները որևէ մեկի դեմ ուղղված լինեն: Այդքանն առնվազն պետք է բավարարի ԱՄՆ-ին»,- ասաց նա:

Մանոյանի կարծիքով՝ այստեղ կարող է ինչ-որ չափով օգտակար լինել ԵՄ-ի պահվածքը, սակայն դա էլ խնդիր է, քանի որ նույն եվրոպական ընկերությունները մի քանի օր առաջ դեռ ունեին տնտեսական հարաբերություններ Իրանի հետ, սակայն այսօր այդ հարաբերությունները կասեցնում են, քանի որ դա բացասաբար կարող է անդրադառնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա: «Իսկապես բարդ է մեր վիճակը, սակայն մենք շատ այլընտրանք ու տարբերակ չունենք, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ շարունակենք և՛ մեր տնտեսական հարաբերությունները սերտացնել Իրանի հետ, և՛ բացատրական աշխատանք տանել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մոտ»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Իրան սահմանը կարող է դե ֆակտո փակվել, Մանոյանը նշեց, որ այնքան էլ չի հասկացել Փաշինյանի ասածը: Նրա խոսքով՝ եթե խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, սահմանի` դե ֆակտո փակվելու խնդիր չկա, բայց եթե խոսքը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններով  կարող է այդ հարաբերություններն անհնարին դարձնել, ապա անհասկանալի է: «Երրորդ պետությունների կողմից կարող է Իրանի վրայով ինչ-որ բան չգալ Հայաստանի վրա, բայց ուղղակի երկկողմ հարաբերությունների դեպքում չեմ կարծում՝ կարող է դե ֆակտո լինել: Երրորդ պետությունների կողմից էլ հարց է. հիմնական թիրախը նավթն է, իսկ մենք արդեն իսկ նավթ չենք գնում Իրանից»,- ասաց Մանոյանը:

Մանոյանը նշեց, որ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարության մեջ խոսք չի եղել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին: «Առաջին անգամ չէ, որ Իրանը կողմ է քվեարկել Ղարաբաղի մոտեցումներին կամ Ղարաբաղի շահերի դեմ բանաձևի, բայց դա իրականում չի դրսևորվել Իրանի քաղաքականության մեջ: Այս պահին այլ մտահոգություն կա. Իրանը՝ որպես պետություն, ոչ թե իր կեցվածքն է փոխել, այլ Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնվազն պետք է մտահոգեն մեզ: Իրանի ներսում այսօր ոչ միայն պանթյուրքիստներն են, որ սկսել են խոսել Ղարաբաղի հարցի, իրավունքների դեմ՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանին: Սա դրսևորվում է տարբեր ձևերով, և ինչքան էլ իշխանությունների մեկ թևը փորձում է նման նախաձեռնությունների առաջն առնել, այդ խմորումները փաստ են»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով՝ այդ խմորումների առկայության պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ  դրանց միջոցով Իրանի կառավարման համակարգից ոմանք ցանկանում են սիրաշահել Ադրբեջանին, սակայն իրականում դա չի ստացվի: Ըստ նրա՝ Ադրբեջանին սիրաշահել այս պայմաններում, երբ ԱՄՆ-ի հետ էլ շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանը, չի ստացվի: «Ադրբեջանի վարած քաղաքականությունն Իրանի շահերին դեմ է, դրա համար էլ Իրանի կողմից որևէ նման քայլ չի կարող այնքան շահագրգռել Ադրբեջանին, որ նա իր քաղաքական ուղղությունը փոխի: Ադրբեջանը կարող է ցույց տալ, որ գոհ է Իրանի՝ նման քայլերից, բայց իր քաղաքականությունն Իրանի դեմ չի փոխի: Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ խմորումները հենց երկրի ներսում են»,- նշեց Մանոյանը:

Մանոյանն անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններում Հյաստանի վարած քաղաքականությանը՝  ասելով, որ չի կարծում, թե Հայաստանի կողմից որևէ անհստակություն կա: Նրա խոսքով՝ գուցե Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն Իրանի իշխանությունների համար այնքան էլ հասկանալի չէին, և այդ իմաստով աշխատանքներ ունենք անելու: «Մեզ մոտ որոշ հստակեցումների հարց կա և ոչ այնքան ներսում, որքան դրսի գործընկերների համար՝ պարզելու, թե Հայաստանում տեղի ունեցածն ինչ շարունակություն կարող է ունենալ: Անհրաժեշտ է այդ վստահությունը տալ մեր  հարևաններին, որ մեր երկրի ներսում զարգացումները նպատակ չեն հետապնդում հարաբերությունները վատացնելու հարևանների, գործընկերների հետ: Իսկ Իրանի հետ հարաբերություններում, առհասարակ, բացի մեր հարաբերություններն էլ ավելի սերտացնելուց, այլ բան չունենք անելու»,- նշեց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նշեց՝ եթե հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ իմաստով առանց նախապայմանների կարգավորվեն, ապա դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կմղի Ադրբեջանին նվազ կամակոր և բանակցություններում ավելի լուրջ լինելուն: Նա նշեց, որ Թուրքիայի ներկայիս պահվածքի հետևանքով Ադրբեջանն իրեն շփացած երեխայի նման է պահում:

Մասնավորապես՝ Արցախի խնդրի վերաբերյալ Կիրո Մանոյանն ասաց, որ կարծում է, թե Ալիևը փորձում է ցույց տալ, որ այսքան տարի հարցը չկարգավորելու համար ոչ թե ինքն է մեղավոր, այլ Հայաստանում այդքան վատ իշխանությունները: «Ինքը տակավին չի հասկացել, որ դիրքորոշման առումով այս և նախորդ իշխանությունների կեցվածքների միջև Արցախի հարցում շատ տարբերություն չկա, բացի այն, որ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ավելի հաճախ է շեշտում, որ անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցությունը բանակցություններին»,-ասաց նա և նշեց, որ եթե նայեն նախկին և ներկայիս իշխանությունների ծրագրերը, ապա այդ առումով շատ տարբերություններ չեն գտնի:

Ըստ Կիրո Մանոյանի` մինչ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչինչ չի կարելի սպասել բանակցություններում: «Ընտրություններից հետո էլ, վստահ չեմ, որ արագ կարելի է հասնել կարգավորմանը,  հատկապես, հաշվի առնելով նաև Փաշինյանի հայտարարությունները, որ սա ոչ միայն Արցախի և Հայաստանի իշխանության և ժողովրդի, այլ ամբողջ հայության խնդիրն է: Նախ, հայությունը չէ, որ խոչընդոտում է  կարգավորմանը, իսկ Ադրբեջանն էլ իր կեցվածքը փոխելու ոչ մի նշույլ չի ցույց տալիս»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ