06 11 2018

Անձամբ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև անմիջական կապ չկա. Դավիթ Տոնոյան

Անձամբ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև անմիջական կապ չկա. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը։ Այս մասին նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ «Այո՛, գործում է օպերատիվ կապը, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,–նշեց նա։

Հարցին՝ քանի՞ անգամ է օպերատիվ կապի միջոցով կապ հաստատվել կողմերի միջոցով, ինչին ի պատասխան Տոնոյանն ասաց. «Բազմաթիվ անգամներ», հավելելով, որ օպերատիվ կապը հեռախոսակապով է իրականացվում։

«Եթե առաջնագծում աշխատանքներ են կատարվում և ուղղված են դիրքերի բարելավմանը, մենք անմիջապես արձագանքում ենք։ Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող շարժի, դեպքերի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք ահազանգում ենք, որ դադարեցնեն։ Իրենց արձագանքը մինչ այս պահը կառուցողական է եղել: Անձամբ Ալիևի և մեր երկրի ղեկավարի միջև անմիջական կապ չկա։ Օպերատիվ կապի համար կա այլ պատասխանատու անձ»,–հավելեց նախարարի պաշտոնակատարը։

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Դավիթ Տոնոյանն ասաց, որ հաշվի առնելով, որ մինչև 2020 թվականը պաշոտնավարումը Հայաստանինն է, որոշումը կկայացվի երկու օրվա ընթացքում:

Հարցին` իսկ եթե այդ որոշումը հօգուտ մեզ չլինի՞, նա պատասխանեց. «Ես այդպես չէի ձևակերպի` հօգուտ ինչ-որ մեկին: ՀԱՊԿ-ում կա նորմատիվ իրավակարգավորում: Պետք է որոշում կայացվի երկրների ղեկավարների կողմից: Այս փուլում մեր հերթն է»:

Տոնոյանը չբացառեց, որ հնարավոր է կան որոշակի քաղաքական պայմանավորվածություններ: «Եկեք երկու օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես ուղղակի տեղյակ չեմ: Բայց ես մեկ անգամ արտահայտվել եմ՝ իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ