28 10 2018

Վրաստանում նախագահ են ընտրում

Վրաստանում նախագահ են ընտրում

Վրաստանում հոկտեմբերի 28-ին անցկացվում են նախագահական ընտրություններ։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդել է, որ բոլոր ընտրատեղամասերը ժամանակին՝ 08:00-ից բացվել են և սկսվել է քվեարկության գործընթացը, փոխանցում է Ալիք Մեդիան։

ԿԸՀ-ն ընտրողներին հիշեցնում է՝ ընտրատեղամաս այցելելիս ունենալ ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր: Ըստ Միքելաձեի՝ քվեարկության նպատակով ընտրողին տրվում է մեկ ընտրաթերթիկ, որում վերջինս պետք է ընդգծի իր նախընտրած թեկնածուի անվան ներքո:

«Վրաստանի նախագահի ընտրություններից բացի, այսօր Թերջոլայում և Սամտրեդիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ»,- ասել է Միքելաձեն:

Վրաստանում անցկացվող նախագահական ընտրություններին արդեն հասցրել է մասնակցել ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով նշել է, թե քվեարկել է այն թեկնածուի օգտին, որը կլինի բոլորի նախագահը։ Այս մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Քվեարկել եմ նախագահի այն թեկնածուի համար, որը չի վախենա լինել բոլորի նախագահը, Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանատար, որը հպարտ կլինի գլխավորել այս հերոսական ժողովրդին ու մեր զինված ուժերը»,-ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանում նախագահական ընտրություններին վրացահայ համայնքը միասնաբար քվեարկելու է թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:

«Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի միակ թեկնածուն է, որ եղել է Նինոծմինդայում: Եղել է նաև Ախալքալաքում: Այս երկու բնակավայրերը 90 տոկոսով հայերով են բնակեցված: Բացի այդ, տիկին Սալոմեն, գալով այստեղ՝ խոնարհվեց Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև և ծաղիկներ դրեց: Նա խոսեց նաև նրա մասին, որ ընտանիքներով մոտ են եղել Շառլ Ազնավուրի հետ: Շառլ Ազնավուրը և Սալոմե Զուրաբիշվիլիի մայրիկը պարել են, միմյանց հետ ջազ կլուբ են գնացել, միմյանց հետ պարել են: Դա մեծ ազդեցություն թողեց ժողովրդի վրա»,- ասել է նա:

:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ