27 10 2018

ՀՀԿ-ական պատգամավորները ենթարկվում են աննախադեպ ճնշումների․ Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ական պատգամավորները ենթարկվում են աննախադեպ ճնշումների․ Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց՝ չի կարծում, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին:

«Չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- նշեց նա: 

ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Դավիթ Հարությունյանի անձնական մոտեցումը հետևյալն է՝ բաց համամասնական ցուցակներն անհամեմատ ավելի ժողովրդավարական են և ավելի մեծ հեռանկար են բացում Հայաստանի զարգացման համար, քան փակ ցուցակներով ընտրությունների կազմակերպումը: 

ԸՕ բարեփոխումների նախագծի տապալումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀԿ-ական պատգամավորներին՝ ասելով․ «Մեկը չկա՞, որ ձեզ ձեր շահը բացատրի»: Դավիթ Հարությունյանը այսպես արձագանքեց այդ հայտարարությանը. «Ես հասկանում եմ բոլորին անպայման սովորեցնելու գայթակղությունը, փորձելու փաթաթել սեփական կարծիքը, սակայն այդ սցենարները հայտնի են քաղաքականության մեջ, հաճախ են օգտագործվում: Վարչապետի ասածը, թերևս, պետք է հնչեր որպես սպառնալիք: Բանն այն է, որ այսօր էլ Հանրապետական խմբակցության պատգամավորներ ենթարկվում են աննախադեպ ճնշումների, դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի»:

Նախկին նախարարը նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ֆորմալ որոշում չունի, բայց ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին: 

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ 19 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունն առնվազն քսան տարով հետ գցեց ՀՀ-ին: 

Հարցին, թե երբևէ ամբողջությամբ կբացահայտվի «Հոկտեմբերի 27»-ի գործը, նա պատասխանեց. «Որպես մարդ, որը եղել է դահլիճում և ահաբեկիչներին որպես կենդանի վահան ուղեկցել է մինչև մեկուսարան, ես իմ կարծիքն արտահայտել եմ: Իմ տպավորությունն այն է եղել, որ նրանք գործել են ինքնուրույն: Այնպես որ, հարցադրումն ինձ համար հասկանալի չէ»: Նրա կարծիքով՝ «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուների մասին խոսակցությունները քաղաքական ենթատեքստ ունեն, ոչ ավելին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ