26 10 2018

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում. Ֆելիքս Ցոլակյան

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում. Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն այս պահին դեռ չի կարող ասել՝ առաջիկա ընտրություններում կհայտնվի «Քաղաքացիական պայմանագրի» կամ «Իմ քայլի» շարքերում, թե ոչ: ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը Գյումրիում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Անդրադառնալով խորհրդարանը ցրելու թեմային` նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը կա․ «Ինչքան շուտ, այնքան լավ։ Ես համամիտ չեմ այն կարծիքին, որ դա շատ մեծ վնասներ կարող է բերել իր հետ: Ոչ մի բան չի փոխվում՝ ովքեր ունեն, այսպես ասած, ռեյտինգ, նրանք հիմա էլ ունեն, մայիսն էլ ունեն, հուլիսին էլ ունեն, ոչ մի բան չի փոխվելու մեր կյանքում։ Դրանք պատճառաբանություններ են, և դրանց հետ ես համաձայն չեմ»,- հոկտեմբերի 26-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Ցոլակյանը:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հարցազրույցին, որտեղ նա, խոսելով իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիա լինել-չլինելու մասին, անդրադարձել էր նաև Ցոլակյանին։

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում, ես որևէ գործարքի մեջ չկամ։ Գիտե՞ք, հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»։,- ասաց Ցոլակյանը։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, և ենթադրվում է, որ ստացել է, որովհետև նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչև 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել... Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ   տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ: Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ