22  10  2018

Այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք. Հայկ Մարության

Այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք. Հայկ Մարության

Հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ   նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի   և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատելով անբավարար՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը և կիրառել խիստ վարչարարություն:

«Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,-նշել է քաղաքապետը:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների   վերանորոգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ավարտական փուլում են փողոցների և բակերի ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել   աշխատանքների որակն ու կատարման ժամանակացույցը:

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են:

«Այսուհետ ես անձամբ հետևելու եմ նաև այս աշխատանքներին և ստացված տեղեկատվությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր բնակիչների խնդիրներին: «Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևենք և իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,-նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքերին, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքերն իրականացնել նաև   քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային և առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ