15 10 2018

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ԱԺ-ում առանց ՀՀԿ-ի տխուր կլինի

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ԱԺ-ում առանց ՀՀԿ-ի տխուր կլինի

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն կարո՞ղ է լավ հանդես գալ ընդդիմության դիրքերից, պատասխանեց․ «Կարծում եմ՝ այն քաղաքական ուժը, որն իշխանության ժամանակ կարողացել է շատ օպերատիվ աշխատել, նույն հաջողությամբ պետք է ընդդիմադիր դաշտում աշխատի»։

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ եթե գաղափարական քաղաքական ուժ ես, ապա պետք է պատրաստ լինես և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն լինելու։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ արտահերթ ընտրությունների մասնակցությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Ընտրական օրենսգրքի քննարկումը վաղը կկազմակերպենք, որից հետո մասնակցության հետ կապված կորոշենք»։

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ արտահերթին իրենց մասնակցությունը մի քանի բաղադրիչներից է կախված։ «Մենք դեռ ուսումնասիրություններ ենք կատարում, որից հետո որոշումը կկայացնենք»։

Հարցին, առանց ՀՀԿ-ի ինչ խորհրդարան կլինի, նա ասաց․ «Տխուր կլինի»։

Բաղդասարյանը, անդրադառնալով ապագա խորհրդարանի հնարավոր պատկերին, ընդգծեց՝ իրենք կողմնակից են, որ խորհրդարանում քաղաքական շատ ուժեր ներկայացված լինեն, բայց ոչ մարդ-կուսակցությունների տեսքով։ «Օրենքն ասում է, որ 4-ից պակաս չի լինելու, 4-ից պակաս դա այն իրավիճակը չէ, որը հարիր է խորհրդարանական երկրին, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ խորհրդարանում ձևավորվի իրական ընդդիմություն»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր սխալ են համարում խորհրդարանում պարտադիր 4 ուժ ունենալու դրույթը, քանի որ արհեստականորեն, օրինակ՝ 1 տոկոս հավաքած ուժին կարող են 4 տոկոս դարձնել, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց․ «Մենք գնում էինք գլոբալիզացման՝ մարդ-կուսակցությունների հետ կապված, սակայն, կարծես թե, այդ քայլին են գնում, որ մարդ-կուսակցություններ ներկայացված լինեն։ Բնական է, որ ի սկզբանե դեմ ենք եղել դրան։ Խորհրդարանական պետությանը հարիր երկրում պետք է կայացած քաղաքական ուժերը մուտք գործեն, և ձևավորվի իրական ընդդիմություն, իսկ դեկտեմբերին ընտրություն անելն այդ հնարավորությունը չի տալիս։ Այս պատճառով ենք մենք դեմ եղել ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, որպեսզի քաղաքական ուժերին հնարավորություն տրվի լավ պատրաստվել։ Խոսքը նաև նոր ստեղծված քաղաքական ուժերի մասին է, քանի որ նրանք 1-2 ամսում չեն կարողանա պատրաստվել ու գնալ ընտրությունների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ