13 10 2018

Պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետերանում գողեր չկան. վարչապետ

Պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետերանում գողեր չկան. վարչապետ

Այսօրվա իրադարձության առանցքային մասն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կա պնդում, որ որոշումներ կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը բարձր է եղել: Բայց դա կապ չունի: Քաղաքացիների տրամադրությունը կարող է մեկ անգամ բարձր լինել, մեկ անգամ՝ ոչ այդքան »,- ասաց նա՝ դիմելով ներկաներին: Հետո ավելացրեց, որ այնուամենայնիվ որոշում կայացնող սուբյեկտի՝ ժողովրդի կամարտահայտության իրավունքը երբեք կասկածի տակ չպետք է դնել,- որոշում կայացնողը ժողովուրդ է»:

Վարչապետը հիշատակեց Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի անունը՝ նշելով, որ իր համար, նա իսկապես մի նոր էջ է բացել մեր ժողովրդի պատմության մեջ:

Հետո վարչապետը խոսեց իրենց թիմի առաքելության մասին: «Ո՞րն է մեր հիմնական առաքելությունը, մեր՝ ժողովրդի լիազորությունն ունեցող մարդկանց համար: Ամենակարևորը մարդկանց չխաբելն է, ազնիվ լինելը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավոր չէ, որ քաղաքապետը սխալներ թույլ չտա, բայց, ըստ նրա, շատ կարևոր է մարդկանց չխաբելը: «Շատ կարևոր է բացատրել, թե ինչու է սխալը եղել: Մեր ամենակարևոր առաքելությունն է մարդկանց որևէ բանում չխաբելը: Մարդկանց առաջ կանգնելու, ուղիղ աչքերի մեջ նայելու իրավունքը չկորցնելն է»,- ասաց նա՝ նշելով, որ սխալվելուց հետո էլ պետք է ներողություն խնդրել:

Նա նաև նկատեց, որ Երևանում ապրում են հայության բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ՝ մեր բոլոր մարզերը, սփյուռքի բոլոր շերտերը ներկայացնող մարդիկ: Նա նշեց, որ Երևանը երկար պատմություն է ունեցել և այդ տարիների ընթացում՝ տարբեր ժամանակներում մարդկային մի կերպար է դոմինանտ եղել:

Այնուհետ նա հավելեց, որ իրենց պատկերացմամբ, նոր Հայաստանում, նոր Երևանում մարդկային էտալոնը պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են օրենքի, կրթության նկատմամբ, ովքեր ունեն ուրիշներին, իրենք իրենց հարգելու ընդունակություն:

«Մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետերանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իրենից չեն գողանում»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ իր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, թիմը շատ երիտասարդ է: «Բայց ես կարևոր եմ համարում, որ այդ երիտասարդների ներկայությունը որևէ կերպով չմեկնաբանվի որպես ավելի տարեցների կարողությունների ժխտում»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը ցանկանում է, որպեսզի այդ պատկերացումը վերանա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենք չեն տարբերակելու տարեցներին և նաև նախկին իշխանությունների ժամանակ աշխատած մարդկանց, այլ փորձելու են բոլորին համախմբել հանուն մեկ նպատակի՝ հայ ժողովդի համազգային երազանքները զարգացնելու գործընթացում:

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայկ Մարությանին և մաղթեց արդյունավետ աշխատանք՝ Երևանին, ՀՀ ժողովրդին և ՀՀ-ին ծառայելու գործում:

«Ի գործ, ի գործ, ի գործ» ,- ավարտեց իր խոսքը նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ