13  10  2018

Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական այցով Մոսկվայում է եղել․ «Կոմերսանտ»

Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական այցով Մոսկվայում է եղել․ «Կոմերսանտ»

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, այս շաբաթվա սկզբին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա։ Նա հանդիպել է ԱԳՆ Սերգեյ Լավրովի և նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ։ ՌԴ պետական կառույցներում թերթի զրուցակիցների խոսքով՝ բանակցությունների գլխավոր թեման ռուս-հայկական հարաբերություններն են եղել, հանրապետությունում իրավիճակը՝ հնարավոր խորհրդարանական ընտրությունների նախօրեին, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի թեման, ում դեմ քրեական գործ է հարուցվել։

Արմեն Սարգսյանը Մոսկվայում է եղել Նյու Յորք և Փարիզ կատարած այցերից հետո։ Տեղեկությունը, որ այդ այցերից հետո Արմեն Սարգսյանը եղել է նաև Մոսկվայում, որտեղ հանդիպել է Լավրովի և Կարասինի հետ, հաստատել են ՌԴ պետական կառույցների երկու աղբյուրները։ Մոսկվայում Արմեն Սարգսյանը եղել էր հուլիսին՝ պաշտոնական այցով։ Այս անգամ տեղեկությունը չի հրապարակվել, քանի որ բանակցությունները ոչ պաշտոնական կարգավիճակ են ունեցել։

Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ կարելի է միանշանակ գնահատել։ Այսպես, Մոսկվայի դժգոհությունն են առաջացնում հանրապետության նախկին ղեկավարների հանդեպ քրեական հետապնդումները և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Երևանում 2008 թվականին բողոքի ակցիաներն ուժի գործադրմամբ ցրելու մասին քրեական գործի դերակատարների թվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որին կալանավորելը, Մոսկվայի կարծիքով, լուրջ իմիջային վնաս հասցրեց կազմակերպությանը։ Ավելի ուշ Խաչատուրովը կալանքի դիմաց ազատ արձակվեց։

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում բանակցություններ ունեցավ նախագահ Պուտինի հետ և դրանք «փայլուն» որակեց։ Իսկ այս շաբաթ նա հաղորդեց, որ մինչև տարեվերջ մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ դեռ երկու անգամ հանդիպել՝ նոյեմբերին և դեկտեմբերին։ Թեմաների շարքում է նաև ռուսական գազի գների հնարավոր իջեցման հարցը։

ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը թերթի հետ զրույցում նշել է՝ չնայած Սահմանադրության համաձայն՝ նախագահի արտաքին քաղաքական լիազորությունները բավականին սահմանափակ են, Արմեն Սարգսյանը, ըստ էության, երկրի դիվանագիտական գործակալի դեր է խաղում՝ նոր իշխանություններին օգնելով կարգավորել առանցքային գործընկերների հետ հարաբերությունները։ «Նրա արտաքին քաղաքական մեծ փորձը թույլ է տալիս դա անել, իսկ նոր կառավարության մոտ այդպիսի փորձի անբավարարությունը նպաստում է դրան»,- նշել է Ղազինյանը։

Նա վստահ է, որ Մոսկվայում խորհրդակցությունները համաձայնեցված են եղել Նիկոլ Փաշինյանի հետ, և ենթադրում է, որ դրանց գլխավոր նպատակն է եղել Հայաստանում, որտեղ շարունակվում է նոր իշխանությունների և ընդդիմության դիմակայությունը, տեղի ունեցված վերջին քաղաքական իրադարձությունների էությունը ռուսական կողմին պարզաբանելը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ