12 10 2018

Վարչապետի գլխավոր խորհրդականը սիգարի բիզնեսի պարտքեր ունի․ Eurasianet

Վարչապետի գլխավոր խորհրդականը սիգարի բիզնեսի պարտքեր ունի․ Eurasianet

Լուսանկարում Արսեն Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձախ կողմում

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հետազոտություններ իրականացնող Eurasianet լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին, ով զբաղվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով:

Ինչպես նշում է գործակալությունը, 52-ամյա Արսեն Գասպարյանի նշանակումն այդ պաշտոնում կարող է ավելացնել կառավարությանն ուղղված քննադատությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դատական գործընթացների մեջ է գտնվում ԱՄՆ-ում:

Միացյալ Նահանգներում 3 տարվա ընթացքում Գասպարյանի մասնակցությամբ 3 դատավարություն է տեղի ունեցել՝ կապված չվճարված պարտքերի հետ:

Ինչպես հաղորդվում է ԱՄՆ և ՀՀ քաղաքացի Գասպարյանն ընդհանուր առմամբ 25 000 դոլարի պարտք ունի: Երկու դատավարություն արդեն ավարտվել է, երրորդն ընթացքի մեջ է։ Այն վերաբերում է Գասպարյանի՝ սիգարի արտադրման բիզնեսին, որը նա հիմնել է Ռուսաստանում՝ բացելով Hecho a Mano սիգարի առաջին թեմատիկ խանութը:

Տեղափոխվելով Ֆլորիդա՝ Արսեն Գասպարյանը հիմնել է Դոմինիկյան սիգարների իր սեփական ապրանքանիշը: 2014 թվականին նա աշխատել է Ֆլորիդայում գործող Vitolier սիգար արտադրող ընկերության նախագահ: Արսեն Գասպարյանի խոսքով՝ սիգարի բիզնեսը նա թողել է 2015-ին: Դրանից հետո վարկային պարտքերի պատճառով նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը:

Նախքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսին խորհրդական նշանակվելը Արսեն Գասպարյանը երկու տասնամյակ ապրել է Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: Մինչ այդ նա պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում 1990-ականներին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ