12  10  2018

Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները ՀՀ բանակից հեռու են, ինչպես Լուսնից. НВО

Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները ՀՀ բանակից հեռու են, ինչպես Լուսնից. НВО

Ռուսական «Независимое военное обозрениe» հանդեսի «Արդյո՞ք Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ֆորպոստի կարիք ունի» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվում Ղրղզստանում ու Տաջիկստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լինել-չլինելու հարցին, ինչպես նաև զուգահեռներ անցկացնում ՀՀ-ի և այդ 2 պետությունների բանակների միջև:

Հոդվածի հեղինակը նշում է, որ թեև ՌԴ-ի համար նշանակալի արժեք ունեն Կենտրոնական Ասիայի մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն առանց դրանց չի կարող ապրել:

«Իսկ Ղրղզստանն ու Տաջիկստանն առանց մեր ռազմաբազաների չեն կարող ապրել: Բայց հատուկ ուշադրության է արժանի այն, որ ստեղծված իրավիճակում Դուշանբեն ու Բիշքեկը ժամանակ առ ժամանակ Մոսկվային տարբեր պայմաններ են ներկայացնում՝ կապված իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ:

Այս իրավիճակն առավել զարմանալի է, քան Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեպքում: Հայերի շրջանում շատ տարածված վարկած կա այն մասին, որ ռուսական ռազմաբազան իրենց անհրաժեշտ չէ՝ չնայած որ իրականում  Հայաստանի գոյությունը կախված է այդ ռազմաբազայից»,- նշում է հոդվածի հեղինակ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ ընդգծելով, որ ի տարբերություն Դուշանբեի ու Բիշքեկի՝ պաշտոնական Երևանը բավականին խելացի է վարվում՝ Մոսկվային նախապայմաններ ու պահանջներ չներկայացնելով:

«Եվ Հայաստանը դա անում է այն դեպքում, երբ հայկական բանակն իրենից բավական լուրջ ռազմական ուժ է ներկայացնում: Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից: Իսկ առանց մեր ռազմաբազաների նրանց կյանքը շատ ավելի կարճ կլինի»,-պնդում է Խրամչիխինը:

Հեղինակը հոդվածում նշում է նաև, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ