12  10  2018

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախյան հիմնահարցին առնչվող մասին՝ դրանք «ստահոդ» և «իրականությունից հեռու» անվանելով:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Հայաստանի իշխանություններին «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների» մասին ճշմարտությունը թաքցնելու և բանակցային խաղաղ գործընթացի սկզբունքներին հակասելու համար:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Փաշինյանի վերջին ելույթը հակասում է Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անկացրած հանդիպման ոգուն, գրում է minval.az-ը:

«Հայաստանը պետք է գործի՝ համաձայն միջազգային հանրության դիրքորոշման ու իր ստանձնած պարտավորությունների, կառուցողական կերպով մասնակցի բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության հնարավորինս արագ կարգավորմանը: Հայկական զորքերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ինչից հետո միայն կարող է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվել»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում Արցախի հիմնահարցի վերաբերյալ, մասնավորապես, ասել էր.

«Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ