10 10 2018

ՀՀ առաջին և երկրորդ դեմքերը քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը

ՀՀ առաջին և երկրորդ դեմքերը քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը

Հոկտեմբերի 10-ին կայացել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների և փոխհամաձայնության ճանապարհով:

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Արա Բաբլոյանը վարչապետին տեղեկացրել է, որ այդ նպատակով հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունենալու ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ակտիվորեն մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի երևանյան լիագումար նիստերին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ