10  10  2018

Ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան 6-րդ գումարման ԱԺ-ն է. Նիկոլ Փաշինյան

Ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան 6-րդ գումարման ԱԺ-ն է. Նիկոլ Փաշինյան

Երեկվա ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ եմ համարում: Այս մասին հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի, վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Վարչապետը Ազգային ժողով էր եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպելու: Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունենալու նաև ՀՅԴ-ի հետ:

Մեկնաբանելով Արմեն Աշոտյանի այն հայտարարությունը, որ պատգամավորների վրա ճնշումներ են եղել, վարչապետը նշեց.

«Պատգամավորների վրա որևէ ճնշում չի եղել և եթե եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր ԱԺ շատ պատգամավորներ հարևանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են»:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությանը, Փաշինյանը նշեց, որ կառավարության կազմը կվերանայվի:

«Բացարձակապես խնդիր չի դրված, որ Հայաստանում պետք է ներգրավված լինեն կառավարման մեջ կուսակցական կադրեր: Ես համոզված եմ, որ կա շատ մեծ ներուժ և հնարավոր է, որ այդ ներուժի մի մասը դուրս մնա ընտրական պրոցեսի արդյունքում ԱԺ-ից, և մենք կքննարկենք այդ հնարավորությունները»,-հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով քաղաքագետների կանխատեսումներին, թե ունենալու ենք մոնոլիտ ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան 6-րդ գումարման ԱԺ-ն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ