Արդյո՞ք ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում այս հարցին չպատասխանեց:
Բաղդասարյանը զրույցում շեշտեց, թե երբ արտահերթ խորհրդարանական ընտրության օրը հայտնի կլինի, այն ժամանակ էլ նմանատիպ հարցերի պատասխանը ՀՀԿ-ի կողմից կտրվի։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում չլինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց․
«Քաղաքական դաշտում ոչինչ բացառված չէ, և որևէ մեկին տրված չէ մենաշնորհ, որն ընդմիշտ պետք է լինի խորհրդարանական կուսակցություն կամ իշխանություն»։
Ըստ Բաղդասարյանի՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշումը չի եղել միայն Սերժ Սարգսյանինը, այլ որոշումը կայացրել է ՀՀԿ-ն։ Նրա խոսքով՝ որոշման հիմքում ընկած է այն, որ ստեղծված քաղաքական իրավիճակում ՀՀԿ-ն որդեգրել է քաղաքականություն, որ չի խոչընդոտելու կառավարության գործունեությունը։
«Դեկտեմբերին ճիշտ չեմ համարում ընտրություն անելը, բայց մենք որևէ կերպ չենք խոչընդոտի»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը։ Հարցին,թե ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ինչ տեսակետ ունի խորհրդարական ընտրությունների մասնակցելու վերաբերյալ, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի քննարկումներից հետո:
Հարցին՝ սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնված է, Բաղդասարյանը պատասխանեց, թե աստիճանաբար կվերականգնվի։ Նա անդրադարձավ նաև իրենց նկատմամբ ճնշումներին, որի մասին խոսել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ասելով․« Ես ճնշվող չեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը