09 10 2018

Բելառուսը խախտում է ռազմական հավասարակշռությունը ԼՂ կոնֆլիկտում․ Դրիզե

Բելառուսը խախտում է ռազմական հավասարակշռությունը ԼՂ կոնֆլիկտում․ Դրիզե

Բելառուսի վարած արտաքին քաղաքականության մի շարք քայլեր նյարդայնացնում են ՌԴ իշխանություններին, «Մոսկվայի համբերությունը հատման եզրին է»: Այսպիսի կարծիք է հայտնել «Коммерсантъ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն։

Ինչպես նշում է վերլուծաբանը, Մոսկվային ընդհանրապես դուր չի գալիս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած երկկողմ քաղաքականությունը։ «Մինսկը վարկեր և վերաբերմունք է պահանջում՝ ինչպես ռուսական մարզի հանդեպ, միաժամանակ անկախության և ինքնիշխանության ամբողջական պահպանմամբ», - նշում  է փորձագետը:

ՌԴ-ի դժգոհության պատճառներից մեկն էլ Բելառուսի՝ Չինաստանի հետ համատեղ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունն է: Այդ զենքից Բելառուսը վաճառել է Ադրբեջանին, ինչը, փորձագետի կարծիքով, հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, խախտում է ռազմավարական հավասարակշռությունն ու մրցակցություն ստեղծում ՌԴ-ի համար։

«Այսինքն՝ քիչ է, որ նրանք այդ համակարգերը մարտական հերթապահության են դրել ՌԴ սահմանների մոտ, դեռ մի բան էլ վաճառել են Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով ՌԴ-ի համար և խախտելով ռազմավարական հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Բաքու-Երևան կոնֆլիկտը: Այսպիսի գործողությունները բարդ է դաշնակցային անվանել», - ասել է Դրիզեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ