08 10 2018

ՔԿ ղեկավարը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործի, ՔԿ-ում քննվող գործերի և այլնի մասին

ՔԿ ղեկավարը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործի, ՔԿ-ում քննվող գործերի և այլնի մասին

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի ձայնագրության վերաբերյալ գործը Քննչական կոմիտեի վարույթում է, կատարվել և կատարվում են քննչական և դատավարական գործողություններ գործը բացահայտելու համար և գործի առանձնահատկությունից ելնելով ճիշտ չէ մանրամասների հրապարակումը։ Այս մասին Քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման 100-րդ օրն ասաց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Հարցին,թե արդյոք հարցաքննվել է վարչապետը կամ կա որևէ անձ,որը դատավարական կարգավիճակ ունի, ում անունը հնչում է ձայնագրությունում, Հայկ Գրիգորյանն ասաց.«Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու Ֆրանկոֆոնիայի միջոցառումը` մենք դրանից հետո կանդրադառնանք այդ հարցերին։ Եվս մեկ անգամ նշեմ, որ, ելնելով նախաքննության գաղտնիությունից, ճիշտ չէ ասել, թե ովքեր են հարցաքննվել, ինչ ցուցմունք են տվել և այլն։ Իսկ հարցաքննվողների շրջանակը, բնականաբար պարզ է, քննչական գործողությունների պլանը գծվում է նախաքննության առաջին երեք օրվա ընթացքում»։

Հարցին,թե քննիչ հանձնաժողովից ստացվե՞լ է պատասխան հանրապետություն գաղտնալսող սարք ձեռք բերելու համար, Հայկ Գրգորյանն ասաց,որ դեռ չի ստացվել։ Խոսելով քննչական կոմիտեի վարույթում իրակացվող գործերից ՔԿ նախագահն ասաց, որ այս 9 ամիսներին քննվել է 19 հազար 521 քրեական գործ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 հազար 105-ով, կամ 26.6 տոկոսով: Ընդ որում՝ գործերի 41 տոկոսը բաժին է ընկել 2018 հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածին:

«Քննչական կոմիտեի շուրջ 30 քննիչ գործուղվել է այլ մարմիններ՝ ՀՔԾ, ԱԱԾ: Քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում աշխատանքի բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլև աճել: Ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2 հազար 347-ով: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6 հազար 390 քրեական գործով, որից 34.1 տոկոսն ավարտվել  է երրորդ եռամսյակում»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահն ասաց, որ հանձնարարել է ուսումնասիրել նախորդ տարիներին ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը և ժամանակակից հնարավորություններն օգտագործելով ակտիվացնել քննչական միջոցառումների անցկացումը՝ դրանք բացահայտելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, 100-ավոր գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, բուհերի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխզննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների, «Հայանտառի» աշխատակիցների կողմից կատարված չարաշումների դեպքերի առթիվ:

Անդրադառնալով հանցագործությունների հետևանքով գույքային վնասի հատուցմանը, ՔԿ ղեկավարն ասաց. «Այս տարվա 9 ամիսների ընթացքում քննված քրգործերով վերականգնվել է 1 մլրդ 215 մլն 884 հազար դրամի պատճառված վնաս, որի 49 տոկոսը միայն վերջին ամիսներին: 2018-ի 9 ամիսներին վերականգնվել է 2,5 անգամ ավել գումար: 9 ամիսներին քննիչները կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել են 172 անձի, 1335 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը պաշտոնատար անձ: 142 մեղադրյալ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,-ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ