02 10 2018

Տպագրված նյութը փնթի կեղծիք է․ Աշոտյանը հերքում է

Տպագրված նյութը փնթի կեղծիք է․ Աշոտյանը հերքում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ թերթերից մեկը հերթական անգամ իրեն վարկաբեկելու փորձ է կատարել։

«Տպագրված նյութը փնթի կեղծիք է, որտեղ բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաև պատվիրատուների ականջները։ Երբեք ապօրինի հրահանգներ չեմ տվել և ոչ մի բուհի ղեկավարի, իսկ դեռևս 2003 թվականին պաշտպանած թեզս վերագրել ուրիշին զավեշտի համաշխարհային ռեկորդ է։ Ավելի կոպիտ գնահատականներ չեմ տա, բայց ասեմ, որ նման կերպով փորձելով վարկաբեկել վարչապետի ամենաակտիվ քննադատներից մեկին, նրան արջի ծառայություն է մատուցվում։

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր․ «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ:

Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձևակերպված են եղել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են:

Պարզվել է նաև, որ համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական թեզ պաշտպանող դասախոսներից մեկին պարտադրել է իր թեզի մի մասը տալ Աշոտյանին, որպեսզի մի թեկնածուական թեզ էլ նա պաշտպանի: Երբ վերջինս փորձել է բողոքել այդ անօրինականության դեմ, նրան հեռացրել են համալսարանից:

Ընդհանուր առմամբ, Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ