01 10 2018

Կողմ ենք ԱԺ արտահերթ, բայց ոչ անհապաղ ընտրություններին. Ռուստամյան

Կողմ ենք ԱԺ արտահերթ, բայց ոչ անհապաղ ընտրություններին. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրուցում հայտնել է, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ են արտահայտվել, բայց ոչ` անհապաղ ընտրություններին: 

«Մենք ժամկետների հետ ունենք շատ հստակ մոտեցում, կան անհրաժեշտ քայլեր, որոնք  կատարելու համար պետք է բավարար ժամանակ հատկացվի, մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք: Հիմա բանակցություններին ավելի հստակ կասենք: Ճիշտն այն կլինի, որ ճանապարհային քարտեզի շուրջ գանք համաձայնության»,- նշեց պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե եթե առաջարկվի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ, ո՞րը կլինի իրենց դիրքորոշումը, դաշնակցական պատգամավորը նշեց. «Եթե մինչև տարեվերջ լինի, դա կնշանակի, որ մենք նորմալ Ընտրական օրենսգիրք չպետք է ընդունենք: Պետք է ապահովվի ընտրությունների ավելի անաչառ վերահսկողություն, իսկ դրա համար հասարակությանը, քաղաքական ուժերին պետք է տրվի հնարավորություն, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն ընտրություններին: Սրանք ժամանակ ենթադրող բաներ են: Ոչ թե պետք է ժամանակ ֆիքսել ընտրությունների անցկացման համար, այլ քայլերի, որոնք անհրաժեշտ է կատարել, դրա հետ կապված ժամանակը պետք է տեսնել, թե որն է»,- ասաց նա:

Իսկ Փաշինյանի նշած այն փաստերի մասին, թե արտահերթ ընտրությունները շտապ անցկացնելն անհրաժեշտ է, որ տնտեսության մեջ բեկում մտնի, ներդրումներ լինեն, Ռուստամյանն ասաց, որ չի կարծում, թե այդ երկու հարցերը կապված են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հետ: «Դրանք անհրաժեշտություն չեն, որով պայմանավորված պետք է անպայման արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Մենք գիտեինք` ինչ ենք գրում կառավարության ծրագրում, որ գրում էինք` մինչև մեկ տարում պետք է լինեն արտահերթ ընտրությունները: Մեկ տարի գրելով` հենց նկատի ունեինք շատ տրամաբանված գործընթաց, որը, կարծում եմ, պետք է կատարենք շատ տրամաբանված»,- եզրափակեց Ռուստամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ