01 10 2018

Էն Ալիևը, որն Ապրիլյան պատերազմն է սկսել, երեկ իմացա, որ մի հրաշք անձնավորություն է. Շարմազանով

Էն Ալիևը, որն Ապրիլյան պատերազմն է սկսել, երեկ իմացա, որ մի հրաշք անձնավորություն է. Շարմազանով

Հայաստանն ավելի շատ կարևոր հարցեր ունի, քան արտահերթ ընտրություններն են։ Այս մասին հոկտեմբերի 1–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է,  Արցախի հարցը։

«Երեկ էլ մի բան իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն է, նորմալ,  դրական  անձնավորություն. էն Ալիևը, ով 2016 թ. Ապրիլյան պատերազմն է սկսել, էն Ալիևը, ով հայ զինվորին գլխատած ստահակին հերոսացրեց, ով հայ սպային գլխատած  Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում տվեց»,–ասաց նա։

Շարմազանովը նաև հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։

«ՀՀԿ–ն մայիսի 8–ից էս կողմ էլ մեծամասնություն չի, հերիք ա բոշկա գլորեք Հանրապետական կուսակցության վրա։ Մենք փոքրամասնություն ենք, մենք ընդդիմություն ենք և ինչպես բոլոր երկրներում ընդդիմության կարծիքը հիմնականում տարբերվում է կառավարության ու վարչապետի կարծիքից»,– նշեց նա՝ հավելելով, որ շատ տրամաբանական կլինի, որ ինքն ու իր քաղաքական թիմը դեմ քվեարկեն Փաշինյանի նախաձեռնություններին։

Պատգամավորը նշեց, որ հայտնի չէ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ բանակացությունների օրակարգը։

Շարմազանովը նշեց, որ,  ի տարբերություն ուրիշների, իրենք մինչև բովանդակությանը չեն ծանոթանում, առաջարկ չեն ստանում՝ որոշում չեն կայացնում։

«Եթե կլինի առաջարկ, Վահրամ Բաղդասարյանը կհանդիպի վարչապետի հետ, կգա, կնստի՝ կքննարկենք.  կամ կորոշենք՝ կասենք՝ այո, կամ՝ կասենք ոչ։ Մենք դեռ չգիտենք Փաշինյանն ինչ է առաջարկում»,–նշեց նա։

 Դիտարկմանը, թե համաձա՞յն է, որ մինչև դեկտեմբեր արտահերթ ընտրություններ տեղի ունենան, Շարմազանովը պատասխանեց. «Ես իմ մանդատի տերն եմ, դեմ եմ՝ անկախ ժամկետներից: Ես ասել եմ, որ մենք դեմ ենք առճակատումներին, մեր երկրում հակառակորդներ և թշնամիներ չունենք, բայց մենք մեր երկրում պետք է անենք ամեն ինչ, որպեսզի իշխանությունների տարանջատումը պահպանվի»,–ասաց նա։

Ըստ Շարմազանովի՝ այսօր փաստացի Ազգային ժողովը միակ քաղաքական մարմինն է, որը կարող է քիչ  թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը։

«Ու՞ր ենք գնում, դեպի դիկտատուրա՞, թե դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտանմունք։ Ես դեմ եմ դրան։ ՀՀԿ–ն ամիսներ առաջ դեռ ասել է, որ պատրաստ է քննարկել և ընտրական օրենսգիրքը և արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը, բայց դա չի նշանակում, որ եթե Փաշինյանն այսպես անի՝ ԱԺ–ն պիտի լուծարենք և իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք»,–նշեց նա։

Դիտարկամնը, թե հասարակական ճնշման արդյունքում ի վերջո Սերժ Սարսգյանը հրաժարական տվեց, հետևաբար նույն եղանակով էլ ԱԺ–ն կարող է լուծարվել, Շարմազազնովն արձագանքեց.

«Կա շատ լուրջ  տարբերություն։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի ուսերին էր դրված ողջ պատասխանատվությունը, եթե Աստված մի արասցե ձեզնից որևէ մեկի քթից արյուն գար՝  պատասխանատուն մենք էինք, իսկ այսօր, եթե ձեր կամ իմ  քթից արյուն գա՝ դրա պատասխանատուն կառավարությունում նստած Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն այն ժամանակ մեզ վրա էր պատասխանատվությունը և մենք չգնացինք առճակատման, ցնցումների»։

Շարմազանովը հայտարարեց, որ հասարակական պահանջն իր համար վերին ճշմարտություն չէ։

«Եթե նույնիսկ հասարակական պահանջ լինի, որ Հայաստանում լինի 100 տոկոսանոց մի անձի պաշտանմունք կամ մի անձի իշխանություն՝ ես դրան դեմ եմ։ Հասարակական պահանջն ինձ համար վերին ճշմարտություն չէ։ Երբ Նոյ նահապետն իր տապանը կառուցում էր՝ հասարակական պահանջ չկար, ավելին, հասարակական կարծիքը ղժժում էր Նոյի վրա, բայց տեսան, թե ով էր ճիշտը, ով՝ սխալ»,–հայտարարեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ