30 09 2018

Վարչապետը՝ Պուտինի այցի, Ալիևի հետ զրույցի և ԱԺ ընտրությունների մասին

Վարչապետը՝ Պուտինի այցի, Ալիևի հետ զրույցի և ԱԺ ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ առայժմ հայտնի չէ, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբ Հայաստան կգա: Վարչապետը նշեց՝ ճիշտ կլինի, որ նա Երևան այցելի հաջորդ տարվա սկզբին:

«Նախապես պայմանավորվածությունը եղել է, որ կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ մյուս տարվա սկիզբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկիզբ լինի այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որպեսզի այդ ընթացքում ստորագրվի: Եվ ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կունենանք»,- պարզաբանեց Փաշինյանը:

Իսկ Դուշանբեում Պուտինի հետ, նշեց վարչապետը, քննարկել են իրենց հանդիպումը. «Գագաթնաժողովի ավարտին մենք  նորից հանդիպեցինք և առանձնազրույց ունեցանք, և պայմանավորվում էինք այդ հանդիպման մասին»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ կարճատև զրույցից ստացած տպավորություններին:

«Իլհամ Ալիևը կրթված մարդու տպավորություն թողեց: Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել,- ասաց Փաշինյանը:

Խոսելով Ալիևի հետ օպերատիվ կապի համակարգ մշակելու պայմանավորվածության մասին՝ միաժամանակ նա նշեց, որ վստահ չէ, թե  Ադրբեջանի ղեկավարությունը կհետևի այդ պայմանավորվածությանը:

«Ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևոր է այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել, և մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև՝ մշտական կապ հաստատել: Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպե՞ս է դա իրականացվելու, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել: Ես կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը 100 տոկոսով պահում են այդ պայմանավորվածությունը, և հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Արցախին  բանակցային կողմ վերադարձնելու թեմային, վարչապետը նշեց.

«Այդ հարցը նույնպես քննարկել ենք: Իհարկե՝ մեր տեսակետները տարբեր են: Ես ասեմ, որ հենց Դուշանբեից զանգել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին և տեղեկացրել, որ կա այսպիսի պայմանավորվածություն մեր մասով: Եվ նա ասել է, որ պայմանավորվախությունն ընդունելի է նաև իրենց համար: Այնպես որ՝ Արցախի իշխանությունը լիարժեք տեղեկացված է»:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձավ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային՝ նշելով՝ որ հույս ունի, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր կամքը ցույց տալ: «Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց»,- նշեց նա։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հույս ունեմ՝ խորհրդարանական ուժերը նույնպես»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ պետք չէ ընտրությունների անցկացման համար ժողովրդով սպառնալ, Փաշինյանը նշեց.«Դա շատ սխալ ձևակերպում է: Տեսականորեն ժողովուրդը կարող է մեզանով սպառնալ, բայց մենք ժողովրդով չենք կարող:

Մենք ասել ենք հետևյալը՝ մեր գործողությունների հիմքում ընկած է եղել և ընկած կլինի ժողովրդի կամքը: Այնտեղ, որտեղ կլինի ժողովրդի կամարտահայտություն, մենք կդառնանք երաշխավորը այդ կամարտահայտության իրականացման»:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը Հայաստանում ձևակերպված է որպես ժողովրդական պահանջ: Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ ԱԺ ընտրությունների անցկացումը Կառավարության ծրագրի մաս է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը: «Ինձ թվում է՝ մենք պետք է ժամկետները քննարկենք և արագացնենք արտահերթ ընտրությունները: Ինչո՞ւ, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի, ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ անել և փոփոխություններ բերել: Տնտեսական շահերից է զուտ ելնում, որպեսզի հնարավորինս արագ անենք ընտրությունները»,- հայտնեց Փաշինյանը:

Վարչապետը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ: Հարցին, թե սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովի լուծարմանը հասնելու տարբերակը դեռ ուժի մեջ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է:«Մենք պատրաստ ենք այդ մեխանիզմները քննարկել: Այո՛, սահմանադրական փոփոխությունը մի տարբերակ է, բայց դա միակը չէ, կան այլ տարբերակներ: Կքննարկենք բոլոր տարբերակները և կհասնենք ամենառացիոնալ տարբերակին: Բոլոր քաղաքական ուժերը տեսնում են՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ուղղակի չեն կարող տեղի չունենալ: Եվ ժողովրդի պահանջն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ