25 09 2018

Ռուս զինվորականներն այցելել են ՀՀ-ում գործող լաբորատորիաներ. վարչապետի խորհրդական

Ռուս զինվորականներն այցելել են ՀՀ-ում գործող լաբորատորիաներ. վարչապետի խորհրդական

Մոսկվայից տեսակամուրջի միջոցով լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նշեց՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի տարածքում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ։

«Ռուս մասնագետները 2017թ-ին այցելել են լաբորատորիաներ։ Այս տարվա օգոստոսին կազմակերպվել է այցելություն Երևանի և Գյումրու լաբորատորիաներում՝ Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչների ազատ մուտքով»,- նշեց նա։

Արսեն Գասպարյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ բիոլաբորատորիաների աշխատանքն ուղղված է առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների անվտանգության բարձրացմանը։ «Այդ հարցում ոչ մի խնդիր չկա, հակառակը, առկա է լիարժեք փոխըմբռնում։ Դա վերաբերում է ոչ միայն Մոսկվայի և Երևանի հարաբերություններին։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում այդ հարցին»,-նշեց նա:

Անդրադառնալով հայ-ռուսական  հարաբերություններին՝ Գասպարյանը նշեց՝ շարունակում են հաջող զարգանալ բոլոր ոլորտներում: «Ներկայումս գլխավոր առաջնահերթությունը երկու երկրների հարաբերությունների օրակարգը նոր նախաձեռնություններով, նախագծերով հարստացնելն է, եվրաինտեգրման գործընթացը առաջ տանելն է: Եվ դա ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի տեսլականն է, դա նաև հայ ժողովրդից ստացած մանդատ է, որովհետև կառավարման 100-րդ օրվա առթիվ բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը»,- նշեց նա՝ շեշտելով, որ հունվար-հուլիս ժամանակահատվածոմւմ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության ծավալները մեծացել են ավելի քան 20%-ով, Հայաստանից արտահանումը ևս նախորդ տարիների համեմատ մեծանում է:

Անդրադառնալով Հայաստան ներմուծվող ռուսական գազի սակագնի հնարավոր իջեցմանը՝ Արսեն Գասպարյանը նշեց․ «Հիմա դեռ հարցը քննարկման փուլում է, և սակագնի իջեցման մասին խոսելը, կարծում եմ, դեռ վաղ է»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ