24 09 2018

82%-ը վատ է անդրադառնալու, տանելու է կործանման. քաղաքական վերլուծաբան․168․am

82%-ը վատ է անդրադառնալու, տանելու է կործանման. քաղաքական վերլուծաբան․168․am

«Ճիշտն ասած, ես կուզեի, որ «Իմ քայլի» գրանցած արդյունքը մոտ 60% լիներ, դա ավելի տրամաբանական և կառուցողական կլիներ։ Իսկ իրական պատկերը մի քիչ խորհելու տեղիք է տալիս՝ այն առումով, որ միակուսակցականության վտանգ է ի հայտ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։ Նրա խոսքով՝ երբ որևէ կուսակցություն 80%-ից ավելի քվե է ստանում՝ կարող է առաջանալ ավտորիտար համակարգ:

«Մենք այդ փուլերով անցել ենք։ Իշխանության եկած ուժը կարող է նույնիսկ չզգալ դա, նրանք ընկնեն խանդավառության մեջ, ասեն՝ ժողովուրդը մեզ քվե է տալիս, ու անեն քայլեր, որոնք, հետագայում պարզվի, որ չէր կարելի անել։ Հիմա շատ վտանգավոր պահ է այդ առումով։ Մյուս կողմից, եթե ժողովուրդը մոտ 82% քվե է տալիս որևէ կուսակցության, այդ դեպքում նաև խնդիր է առաջանում՝ քննել ժողովրդի վիճակը։ Դա նշանակում է, որ ժողովուրդը սթրեսային վիճակում է, որովհետև նորմալ վիճակում լինելու պարագայում կլինեին տարբեր կուսակցություններ՝ 20-30% համամասնությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Մեր հարցին՝ եթե թվերով ենք նայում՝ ապա ժողովրդի մեծ մասը՝ 57%-ը, չի մասնակցել ընտրությանը, այդ դեպքում չի՞ ստացվում, որ ժողովրդի մեծամասնությունը ձայն չի տվել «Իմ քայլը» դաշինքին, նա այսպես պատասխանեց. «Առաջին հայացքից կարող ենք այդպես ասել, բայց պետք է պարզենք, թե նրանք, ովքեր որոշ ընտրացուցակներում կան, արդյո՞ք Երևանում են ապրում, թե՞ ոչ, քանիսն են արտագաղթել։ Մենք չունենք պատկերը, թե քանի տոկոսն էր Երևանում ու չմասնակցեց ընտրություններին»։

Հետաքրքրվեցինք՝ ֆեյսբուքյան Ձեր գրառման մեջ նշել էիք, որ 82 տոկոսը վտանգավոր թիվ է, և ընդհանրապես 80 տոկոսից ավելի քվեն իր մեջ պարունակում է ֆաշիզմի քողարկված  վտանգ. Հայաստանի պարագայում նման վտանգ արդյո՞ք կա, հաշվի առնելով այն մոտեցումը, որ, եթե ժողովուրդը նախկին ռեժիմին մերժեց, ապա նույն կերպ կմերժի նաև Նիկոլ Փաշինյանին, եթե նա թերանա։ Ի պատասխան՝ նա հետևյալն ասաց.

«Ժողովուրդը կմերժի, եթե այնքան ինքնակազմակերպվի, որ ստեղծի պետական ինստիտուտներ, որոնք ժողովրդի խոսքը տեղ կհասցնեն։ Այսօրվա պայմաններում չունենք պետական այն ինստիտուտը, որ, եթե վարչապետն ինչ-որ սխալ թույլ տա, կարողանանք իրավական մեխանիզմներով կասեցնել իր քայլը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ մյուս նախկին նախագահներն ինչպե՞ս եղավ, որ դարձան, այսպես ասած՝ թագավորներ։ Ժողովուրդը կար, չէ՞։ Մենք չենք ստեղծել պետական այն ինստիտուտները, որոնք կարողանան գործող նախագահ կամ գործող վարչապետ դատի տալ։ Այդ վտանգը միշտ կա, օդում կախված է»։

Դիտարկմանը՝ փաստացի, ներկայումս այլակարծությունը չի ընդունվում Հայաստանում, այս պայմաններում ինչպե՞ս պետք է քաղաքական միտք կրող անձինք ի մի գան և լուծումներ առաջարկեն, նա այսպես արձագանքեց.

«Դուք ճիշտ եք նկատել, որ իշխանությունների կողմից այլակարծություն չի ընդունվում, և այս 82%-ը շատ ավելի վատ է անդրադառնալու իշխանությունների վրա, իրենք արդեն դառնալու են շատ ավելի ինքնավստահ, ինչը վտանգավոր է, մտածելու են՝ դե, ժողովուրդը մեզ հետ է, մնացած բոլորդ ինչ ասում եք՝ կարող ենք հաշվի չառնել, այ, սա իրենց տանելու է կործանման…  Այս իրավիճակում, եթե ինձ հարցնեն, ես կասեի՝ ժողովրդի կարծիքն արդեն պետք չէ, հարկավոր է ընդամենը ախտորոշել, թե ինչո՞ւ մենք ունեինք մարտ ամսվա Հայաստանը, ինչ պատճառներով, այդտեղ նաև ժողովրդի մեղքը կա, և ինչ կերպ ենք մենք իրականացնում վերափոխում։ Թիվ մեկ խնդիրը հայ ժողովրդի վերափոխումն է, որովհետև այն մտածողությունը, որ ունի մեր ժողովուրդը, կարող է ունենալ այն պետությունը, որ կար մարտ ամսին, ուրիշ պետություն նա չի կարող ունենալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ