24 09 2018

Եթե ԱԺ-ն գնաց ցրման՝ Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք. Էդուարդ Շարմազանով. «168 Ժամ»

Եթե ԱԺ-ն գնաց ցրման՝ Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք. Էդուարդ Շարմազանով. «168 Ժամ»

«168 ժամը»-ի հարցազրույցը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

– Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին ձեզ համար։

– Ընտրությունները բաժանենք մի քանի մասի. առաջինը քարոզարշավն էր, որը խայտառակություն էր։ Խայտառակություն էր այն սպառնալիքների տարափը, որը հնչեց վարչապետ Փաշինյանի կողմից իր գործընկերների հանդեպ, որոնց մի մասը հրապարակի կամ հեղափոխության  ներկայացուցիչներն էին։ Այնտեղ չկար մի ուժ, որը գոնե դեմ էր հանդես եկել Փաշինյանի քաղաքականությանը։ Հետևաբար, առնվազն տարօինակ էր Փաշինյանի նման կեցվածքը իր գործընկերների նկատմամբ՝ սև ու սպիտակի բաժանելու, «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» առումով։ Առաջին անգամն է Հայաստանում, երբ քաղաքական իշխանությունն առաջին դեմքով է մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Ճիշտ է՝ օրենքը նման բան թույլ տալիս է, բայց ակնկալում էինք, որ Փաշինյանը կլինի Կարգին Հայկոյին օժանդակողի դերում, այնինչ, Կարգին Հայկոն և մյուսներն էին օժանդակող, և նա ՏԻՄ ընտրությունները փորձում էր ներկայացնել ոչ թե՝ որպես ծրագրային պայքար, այլ՝ զուտ հարձակում այլ քաղաքական ուժերի վրա։ Այդ իմաստով մտահոգիչ է, և միայն ես չէ, այլև իր մասնակից գործընկերները նշել էին և՛ սև PR-ի, և՛ հակաքարոզչության, և՛ պրեսինգի մասին։

Եթե հիշում եք՝ այս ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։ Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ։ Ինչպես քաղաքագետներից մեկն էր դիպուկ նշել՝ այս ընտրություններում հաղթեց տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

Նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանի քաղաքականությանը, մի մասը գնացին և ձայն տվեցին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ ավելի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իսկ ասելով, որ չի կիսում Փաշինյանի գնահատականներն ու քաղաքականությունը։ Երևանցին երեկ զրկեց Փաշինյանին՝ ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից։ Նրա կողմնակիցներն ասում են՝ փայլուն հաղթանակ է, հես ա Փաշինյանը կգա՝ ԱԺ-ն կցրի… Այ քեզ բան, ի՞նչ պետք է անի, ժողովրդի մեծամասնությունը մերժեց Փաշինյանին։

Այնպես որ, պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ մերժեց, էն, որ ժողովրդի անունից խոսում էիր, 43%-ն է ընդամենը լսել քո կոչը։ Իսկ որ ասում էիր՝ ՀՀԿ-ն գազելներով մարդկանց տանում էր ընտրությունների, փաստորեն, ՀՀԿ-ի գազելներն ու քո այդ կոչերը հավասարազոր էին։ Եթե քո քաղաքական կապիտալը ՀՀԿ գազելներով է սահմանափակվում, ուրեմն՝ շնորհավորում եմ քեզ։

«Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է»:

 «Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք»:

– Որպես Ձեր ասածի հակափաստարկ՝ բերվում է այն, որ այս ընտրություններին չի եղել ընտրակաշառք, չեն եղել գազելներ, ու այդ պայմաններում քաղաքացիների մասնակցության տոկոսը փոքր-ինչ բարձր է եղել՝ ի տարբերություն նախորդ տարվա։

– Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք։ Էդ, որ ընտրությունից 2-3 օր առաջ կանգնում ասում են՝ տաքսիստների հարկերը նվազեցնում կամ հանում ենք, դա ի՞նչ է։ Էդ որ պետական ամբողջ մեքենան տեռոր է անում, դա ի՞նչ է։ Հո ասելով չէ՞։ Տարոն Մարգարյանը 72% ձայն էր հավաքել, իրենք ընդամենը մի 7% են Տարոնից ավելի հավաքել. Տարոնն ասեր՝ 72% հավաքել եմ, դավայ, ԱԺ-ն ցրեք, ասողը ես եմ, այդպես կլինե՞ր։

Հայաստանը նման քայլերով գնում է դեպի դիկտատուրա։ Սովետի ժամանակ էլ բոլորը Ստալինին ծափահարում էին, ընտրություններին էլ շատ բարձր մասնակցություն էր լինում։ Նույնը 1933թ. Ադոլֆ Հիտլերի մոտ էին ավելի ուժեղ էյֆորիաներով գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծամասնության այդ կարծիքը ճիշտ է։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Նոյը երբ տապանը սարքում էր, հասարակության 99.9 տոկոսը ծիծաղում էր, բայց տեսանք, չէ՞, ճիշտն ով էր։ Կամ, եթե ժողովրդի կամքով են նայում, ապա ժողովրդի մեծամասնությունը չգնաց ընտրություններին։ Ասում է՝ պետք է գամ՝ քննարկեմ, արի քննարկի, տեսնենք՝ ո՞նց ես ԱԺ-ն ցրելու։ Ասում է՝ ժողովուրդ ենք բերելու։ Բերեք ժողովրդին։

Ժողովուրդն է ձևավորել Ազգային ժողովը։ Վաղն էլ ժողովուրդը կարող է ասել՝ այսինչ մարդկանց մահապատժի ենթարկեք, ու թեպետ նման օրենք չունենք, բայց ասեք՝ ժողովուրդն է պահանջում…  Իսկ կարո՞ղ է ժողովուրդը մի օր էլ ասի՝ Ղարաբաղը մեզ պետք չի։ Ես իմ կարծիքն ունեմ, ուրեմն՝ բարի եղեք պահպանել Սահմանադրությունը։ Նրա ցանկությունը ոտքից գլուխ անտրամաբանական է, հակաքաղաքագիտական։ Իսկ մնացածն արդեն քաղաքական ուժերը թող քննարկեն, ես ուզում եմ տեսնել՝ Հայաստանում ինքնուրույն մտածող քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ կա՞ն, թե՞ մեծ մասն ընդամենը քաղաքականությամբ ձեռքի հետ զբաղվող մարդիկ են եղել, և պետական մտածողության գիտակցություն  կա՞, թե՞ ոչ։ Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք, վերջ։ Պարզ է, չէ՞, թե այս էյֆորիկ ֆոնի վրա ինչ է լինելու։

«Հայաստանում միակ եզակի մարմինը, որը կարող է հակակշիռ լինել ամենաթողությանը, զգացմունքայնության դիկտատուրային, ԱԺ-ն է, որն ընտրվել է օրինական»

– Այսինքն՝ Դուք նաև մտավախություն ունեք, որ, եթե ԱԺ-ն հիմա ցրվի, ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու շանսեր չի՞ ունենա։

– Հարցը ՀՀԿ-ն չէ, ինձ ամենաքիչը ՀՀԿ-ի ճակատագիրն է հետաքրքրում, ես իմ պետության մասին եմ մտածում։ ՀՀԿ-ն ձայներ կհավաքի, թե ոչ, այս պայմաններում ի՞նչ ընտրություններ, սա սևի ու սպիտակի ֆոն է։ Հիտլերն էլ կոմունիստներին հայտարարեց օրենքից դուրս, ասաց՝ իրենք բոբոներն են, ու բունտը սկսեցին։ Ինքը փոքրամասնություն էր պառլամենտում, Ռեյխստագը վառել տվեց ու ասաց, թե կոմունիստներն են դա արել… Ես ասում եմ՝ Հայաստանում միակ եզակի մարմինը, որը կարող է հակակշիռ լինել ամենաթողությանը, զգացմունքայնության դիկտատուրային, ԱԺ-ն է, որն ընտրվել է օրինական։ ԱԺ-ն պետք է շարունակի աշխատել մինչև 2022 թվականը, որովհետև դա է պահանջում ՀՀ Սահմանադրությունը, վերջ։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ