17 09 2018

Դուք Էրդողանը չեք, պարո՛ն Փաշինյան․ Ֆարմանյանը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին

Դուք Էրդողանը չեք, պարո՛ն Փաշինյան․ Ֆարմանյանը՝ Yerevan.Today-ի խուզարկության մասին

Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է, առավել եւս, երբ խոսքը անցումային քաղաքական իրավիճակների մասին է. հապճեպ, անհավասարակշիռ ու հախուռն գործելաոճը, անօրինական տեւական գործողությունները կործանարար են անգամ կայացած ժողորդավարությունների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Yerevan today» կայքում կատարված խուզարկությանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Լրատվամիջոցների ու խոսքի ազատությունը մեր երկրում տասնամյակների տեւական ջանքերի արդյունք է, հարյուրավոր լրագրողների, խմբագիրների, քաղաքական գործիչների, քաղհասարակության ներկայացուցիչների, երեւացող ու հանրության աչքից դուրս մնացած կարեւոր դերակատարների նվիրումի ու հանձնառության արդյունք: Դա ձեռքբերում է, որ հավուր պատշաճի գնահատվել է նաեւ մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից եւ շահեկան վիճակում դրել մեր ժողովրդավարությունը` հարեւան երկրների հետ համեմատության հարթությունում:

Ի վերջո, քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում եւս հետեւանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության:

Այսօրվա գործողությունները, անկախ փաթեթավորումից ու ներկայացվող նպատակից, հերթական հախուռն ու լավ չմտածված մեծ հարվածն է հայաստանյան ժողովրդավարությանը, խոսքի ու մամուլի ազատությանը, մեր երկրի միջազգային հեղինակությանը: Կոչ եմ անում խնդրով մտահոգ բոլոր դերակատարներին հնչեցնել իրենց անհամաձայնության ուղերձը:

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին, կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին սթափվել, հանդարտվել, խաղաղվել ու փորձ անգամ չանել նմանվելու Ռեջեբ Էրդողանին, ով իրեն ներքին հավաքական անորոշ թշնամի հռչակած «գյուլենականներ» փնտրելու պատրվակով, անում է մտքին փչածը` թքած ունենալով երկրի միջզգային հեղինակության վրա, կործանելով ժողովրդավարությունը, «գյուլենական» կարգելով լրագրողներին ու գիտնականներին, քաղաքական գործիչներին ու իր բոլոր ընդդիմախոսներին:

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք:

Արտաքին վտանգներով շրջապատված ու պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակությանը, ոչ թե` հակառակը:

Սթափվե՛ք, քանի դեռ դուք դրա հնարավորությունը, թվում է, ունեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ