14  09  2018

Հայտնաբերվել են ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ․ ԿԸՀ

Հայտնաբերվել են ԸՕ խախտմամբ փակցրած երկու տասնյակ պաստառներ․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ սեպտեմբերի 12-ին տեղեկացել է, որ Երևանի մետրոպոլիտենի կանգառներում փակցված  են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարցմանն ի պատասխան  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ մետրոպոլիտեն) իրազեկել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների պահպանմամբ, Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ ապահովելով՝ ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների և դաշինքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա մետրոպոլիտենը հնարավորություն է ընձեռել մետրոպոլիտենի կայարաններում գովազդի համար նախատեսված մակերեսին տեղադրելու նախընտրական քարոզչության պաստառներ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ վերոհիշյալ պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ: Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ Երևան քաղաքում գործող թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում իրենց սպասարկման տարածքներում:

Շրջայցերի արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների խախտմամբ փակցված մոտ երկու տասնյակ տարբեր պաստառներ, որոնք հանվել են: Մինչև նախընտրական քարոզչության ժամանակահատվածի ավարտը նման շրջայցերը կրելու են պարբերական բնույթ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ