14  09  2018

Սիրիա առաքելություն ուղարկելու Երևանի որոշումը Մոսկվային հաճելի բան անելու փորձ է. Պավել Ֆելգենհաուեր․ News.am

Սիրիա առաքելություն ուղարկելու Երևանի որոշումը Մոսկվային հաճելի բան անելու փորձ է. Պավել Ֆելգենհաուեր․ News.am

Ի պատասխան հարցին՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լարվածությունն ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա, ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը News.am-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում լարվածությունը «բավականին միջակ է»: «Դեռևս պայթյունի չի հասել, սակայն լարվածություն և փոխադարձ անվստահություն կա: Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե փոխադարձ, այլ հատկապես Մոսկվան չի վստահում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Սակայն Մոսկվան հիմա պատրաստ չէ խզման գնալու, դրա համար հիմքեր չկան: Մոսկվային հիմա ամենևին պետք չէ առճակատումը, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը: Չնայած դրանից չի հետևում, որ այնտեղ ոչ մի բան տեղի չի ունենա, ամեն ինչ չէ, որ Մոսկվայում է որոշվում: Նրան դա հիմա պետք չէ: Նրան ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է մոտ հեռանկարում ռազմական գործողությունների վերսկսումը, փորձագետը պատասխանեց, որ հաշվի առնելով իրավիճակի անելանելիությունը՝ ամեն ինչ հնարավոր է: «Կողմերը սպառազինությունը մեծացնում են, կարգավորման ոչ մի հեռանկար առայժմ չկա: Նման իրավիճակում վաղ թե ուշ սովորաբար ինչ-որ բան սկսվում է: Ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, Ադրբեջանը հիմա սպառազինության ոլորտում որոշակի առավելություն ունի: Եվ այս առավելությունը ոչ մի տեղ չի անհետացել: Սակայն հակամարտության կողմերը, այդ թվում Ադրբեջանը վճռորոշ պատերազմ սկսելու անկնհայտ ցանկություն չունեն: Կարծում եմ, որ (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևին դա ամենևին պետք չէ, վտանգը մեծ է, իսկ շահումը՝ անհասկանալի: Հնարավոր է շատ բան կորցնել, իսկ ի՞նչ կշահես:

Ավելի հեշտ է ստատուս քվոն պահելը: Վճռորոշ պատերազմը պետք չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին: Հայաստանը կարիք չունի հիմա ունեցածից հեռուն գնալու, Ադրբեջանն էլ կարիք չունի Ղարաբաղից ինչ-որ կտորներ հետ նվաճելու: Եթե չստացվի՝ հնարավոր է շատ բան կորցնել, իսկ եթե ստացվի՝ ինչ անել դրա հետ հետո: Քանի դեռ Ղարաբաղում դիմակայություն կա, դա Ալիևի անձնական իշխանության լուրջ հիմքն է, իսկ եթե այն չլինի, նրա համար իրավիճակը կդառնա անչափ անորոշ: Ստատուս քվոն բոլորին ձեռնտու է: Այլ հարց է, որ դա չի կարող անվերջ տևել»,- ասաց ռազմական փորձագետը:

Խոսելով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու Հայաստանի որոշման մասին՝ նա նշեց, որ դա Մոսկվային հաճելի բան անելու փորձ է: Ընդ որում՝ փորձագետը կարծում է, որ այս քայլը հազիվ թե Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ զգալիորեն փոխի: «Այնտեղ հիմնական լարվածությունը հիմա կապված է Իրանի հետ: Երևանի համար Վաշինգթոնի հետ հարաբերություններում լուրջ խնդիր են Հայաստանի և Իրանի առևտրային սերտ հարաբերությունները: ԱՄՆ ներկայիս վարչակազմի գլխավոր հակառակորդը Իրանն է, այլ ոչ թե Ռուսաստանը: Իրանի հետ Հայաստանի մտերմությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար ավելի վատ է, քան Սիրիայում որևիցե հումանիտար առաքելությունը»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ