12  09  2018

Ալիևը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում «դիկտատուրայի առաջացման» առթիվ

Ալիևը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում «դիկտատուրայի առաջացման» առթիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն է հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը, գրում է Eadaily.com-ը։

Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումն է եղել։ Ալիևը նշել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվելու առաջին օրերից հակասական հայտարարություններով է հանդես եկել կոնֆլիկտի կարգավորման հարցով, և այդ հայտարարությունները առնվազն զարմանք են առաջացնում»։

Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ընթացքում Ալիևը հորդորել է անտարբեր չլինել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրավիճակի նկատմամբ` ուշադրություն հրավիրելով «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիկտատուրական ռեժիմ ձևավորելու մեջ»:

Զավեշտալի է, որ ՀՀ իշխանություններին դիկտատորական ռեժիմ ձևավորելու մեջ մեղադրում է մեկը, ում իշխանության տարիներին Ադրբեջանում պարբերաբար տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, քաղաքական հետապնդումներ քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների, նկատմամբ, իսկ երկրում իսպառ սահմանափակված է ազատ խոսքի իրավունքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ