12  09  2018

Պատկերացնում եմ ձեր ելույթները, եթե նախկինում քաղաքական ուժի ղեկավարը գովազդեր քաղաքապետի թեկնածուին. Մ. Եսայանը՝ վարչապետին

Պատկերացնում եմ ձեր ելույթները, եթե նախկինում քաղաքական ուժի ղեկավարը գովազդեր քաղաքապետի թեկնածուին. Մ. Եսայանը՝ վարչապետին

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց` նշելով, որ թեև վարչապետ է ընտրվել, սակայն սերը հանրահավաքներին մասնակցելու նկատմամբ չի մարել:

«Նախորդ իշխանությունների դեպքում եթե իշխող քաղաքական ուժի ղեկավարը գնար և գովազդեր քաղաքապետի իր թեկնածուին, ես պատկերացնում եմ ձեր ելույթները: Չե՞ք կարծում, որ մի քիչ շատ եք գնում հանրահավաքների, դուք պետք է պետականաշինությամբ զբաղվեք. կարծում եմ, որ ձեր որոշ ելույթներ ապակայունացնում են ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Եսայանը՝ նշելով, որ վարչապետի ելույթների ժամանակ Բաղանիսը և Վաղաշենը գնդակոծվում էին, և հարցրեց, թե ինչ վնասեր են հասցվել և արդյոք մարդկանց հոգեբանական վիճակն այնտեղ կայուն էր, ե՞րբ է այցելելու վարչապետն այնտեղ:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ՀՀ Զինված ուժերը օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վաղաշեն գյուղերի վրա տեղի ունեցած կրակոցներն և լռեցրել են կրակակետերը: «Ես արդեն եղել եմ Բաղանիս համայնքում, հանդիպում եմ ունեցել մարդկանց հետ և շատ կարևորում եմ սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակը»,- ասաց նա:

Ներքաղաքական իրավիճակի մասով նա Մարգարիտ Եսայանին հարցրեց, թե վերջին անգամ երբ է եղել Մարգարիտ Եսայանը Երևանի փողոցներում: «Եթե «Ֆեյսբուքի» ինչ-որ խմբում անկայուն իրավիճակ է՝ դա չի նշանակում, որ ՀՀ-ում անկայուն իրավիճակ է»,- նշեց վարչապետը՝ հավաստիացնելով, որ լիովին կայուն իրավիճակ է ՀՀ-ում, քրեածին իրավիճակը վերահսկվում է: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքը չի արգելում մասնակցել հանրահավաքներին: Մարգարիտ Եսայանն իր հերթին հորդորեց արձակուրդ վերցնել և պաշտպանել թեկնածուին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ