12 09 2018

Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս. Նիկոլ Փաշինյան

Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցը վերաբերում էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը: Նա մեջբերեց խոսակցությունից մի հատված, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է, որ վարչապետի հետ կխոսի և կասի՝ արդյոք ՀԱՊԿ քարտուղարին կկալանավորեն, թե ոչ և հարցրեց, թե խոսել են, և ինչ է ասել:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենի թեկնածու առաջադրելով՝ նրա հետ ունեցել է պայմանավորվածություն, որ չկան անձեռնմխելի մարդիկ, և եթե քննության ընթացքը հանգեցնում է, որ պետք է ձերբակալվեն, ապա պետք է ձերբակալեն:

Փաշինյանը շարունակեց, որ ժամանակ առ ժամանակ փորձ է արվում իր հետ ճշտել, թե ինքը լո՞ւրջ էր ասում, և ինքը վերահաստատել է:

Սարդարյանը նկատեց, որ կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ նաև իր հետ ունեցած խոսակցություններն են գաղտնալսվել, և հետաքրքրվեց, տեսականորեն, եթե այդ խոսակցությունը համացանցում հայտնվի, որոնք են լինելու նրա գործողությունները:

«Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս, ցանկացած պահի, ես որևէ խնդիր չունեմ, եթե ձայնագրված է, թող հրապարակվի, ես որևէ խնդիր չունեմ: Չի կարող լինել այլ ձայնագրություն, որը դուրս է իմ այս որդեգրած տրամաբանությունից»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ