12  09  2018

Երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է, պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում օլիգարխ. Գալուստ Սահակյան

Երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է, պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում օլիգարխ. Գալուստ Սահակյան

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը խայտառակ երևույթ էր, վտանգավոր երևույթ է նաև այդպիսի պաշտոնյաններին գաղտնալսելը: Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Գաղտնալսման գործիքներն այդքան հեշտ գործիքներ չեն, որ յուրաքանչյուրն ունենա ու լսի: Առավել ևս դժբախտություն է մեր պետության համար, երբ մարդիկ հեռախոսով որոշում են, թե հետագա գործողություններն ինչ պետք է անել: Կարող էին հանդիպել և խոսել, ի՞նչ է նշանակում հեռախոսով խոսել, թե ինչ գործողություններ են անելու»,-շեշտեց նա։

Իսկ խոսելով Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարության մասին, թե հանձնարարել է «ռեյդեր» իրականացնել բոլոր օլիգարխներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին՝ Գալուստ Սահակյանն ասաց.

«Նախ, պետք է վերծանել, թե օլիգարխն ինչ բան է: Ինչ վերաբերում է նրան, որ օլիգարխները ՀՀԿ-ից են, դա էլ շատ ճիշտ չէ: Եթե օլիգարխներ գոյություն ունեն, պետք է ասել, թե այդ օլիգարխներն ովքեր են: Սամվել Ալեքսանյանի օլիգարխությունը ո՞րն է, որ մոտ 30-40 հազար աշխատատեղ է բացել, և մեր ժողովուրդն աշխատո՞ւմ է, նա դարձա՞վ օլիգարխ: Այլ բան է, որ աշխատանքի մեջ որոշակի խախտումներ կարող են տեղի ունենալ, այդ պատճառով կան համապատասխան ինստիտուտներ, և կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ չափով կարող են օժանդակել այդ խնդրին: Չի կարելի լինել երկրի վարչապետ և անընդհատ ընդդիմադիր խոսել: Եթե ասում է՝ Գագիկ Բեգլարյանն օլիգարխ է, պետք է ապացուցի, որ օլիգարխ է»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ