11  09  2018

Ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀԿ-ի հետ քուչեքում բանակցող» ասելով

Ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀԿ-ի հետ քուչեքում բանակցող» ասելով

Այս ընտրություններով, վերջնականապես, պետք է լուծել, այսպես կոչված՝ «հակահեղափոխության» հարցը, որպեսզի այդ գողացողներն իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ առաջիկա 5 տարիներին և ընդհանրապես՝ հավիտյան: Նման հայտարարություն արեց սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» հրապարակում տեղի ունեցող «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ։

Նա հիշեցրեց նաև Մարությանի՝ սևերի և սպիտակների մասին հնչեցրած խոսքը:

«Անկեղծ ասած՝ ես էլ ասացի՝ Հայկ ջան, եկ թողնենք այդ սևն ու սպիտակը, բայց, կարծես, Հայկը մի բան գիտեր այդ ժամանակ, որովհետև այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, այնինչ այսօր նրանք գնացել են Խորհրդարանում բանակցում են հանրապետականների հետ։ Քուչեքում են բանակցում, տարբեր ռեստորաններում են բանակցում, թե բա՝ տղերք, կլինի՝ դուք ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ աջակցեք, մենք էլ, երբ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան և դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք: Հրապարակներից, հարցազրույցների ժամանակ նրանք իմ անունն են տալիս, հեղափոխությա՛ն անունն են տալիս, գնում են, թաքուն ասում են՝ եկեք հավաքվենք՝ դրանց գցենք, հեղափոխությունը հեչ անենք»,- հայտարարեց վարչապետը։

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասել է՝ «ժողովրդական լեզվով ասած փուռն է տալիս իր այսօրվա դաշնակիցներին: Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին»։

Աշոտյանի կարծիք հայտնեց, որ այս պահին եթե որեւէ քաղաքական ւոժին սատարող նախկին ՀՀԿ–ականներ կան, ապա նրանք ամենաշատը հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբերում են։

Իսկ ահա «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հորդորեց վարչապետից ճշտել, թե ում մասին է խոսքը: Նրա խոսքով այսօր հնարավոր չէ միայն առօրյա խնդիրներից խոսել, բոլորն էլ քաղաքական թեմաներ քննարկում են: Ավելին՝ նա ասաց, որ որևէ մեկի հետ որևէ հարց քննարկելը դժոխքի մեղք չի համարում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է, որ «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» ասելով՝ վարչապետն իրենց նկատի չի ունեցել: Նա հավաստիացրեց, որ իրենք անմնացորդ աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը: Իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերը համարեց իրենց դեմ սև PR-ի արդյունք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ