10 09 2018

Իրականության կոծկում և սփյուռքի հետ հարաբերությունների պատասխանների բացակայություն․ Մարկեդոնովը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին

Իրականության կոծկում և սփյուռքի հետ հարաբերությունների պատասխանների բացակայություն․ Մարկեդոնովը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին

Ռուս քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co տելեգրամյան ալիքի համար ներկայացրել է իր կարծիքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ, գրում է Newsarmenia.ru-ն։

Նա նշել է, որ առաջին հայացքից Երևանի և Մոկսվայի հարաբերություններում որոշակի հակասություններ են կուտակվել։ «Այստեղ «մարտի մեկի գործից», ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդման պատմություններից մինչև Հարավկովկասյան երկաթուղիների գրասենյակում խուզարկությունների պատմություններն են։ Համենայն դեպս, հանրային ոլորտում ոչ մի հակասություն քննարկման առարկա չի եղել։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ՌԴ-ի դերը Հայաստանի տնտեսական զարգացման հարցում, երկու երկրների ռազմավարական կապերի կարևորությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը Երևանի և Մոսկվայի հարաբերություները «փայլուն» է անվանել»»,- գրում է նա։

Սակայն փորձագետի խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ ՌԴ մայրաքաղաք այցը Փաշինյանի ներքին քաղաքական խաղի մի մասը դարձավ։ «Նա կարծես փորձում էր ապացուցել և՛ դաշնակիցներին, և՛ հակառակորդներին, որ իր հարաբերությունները Պուտինի հետ ավելի կարևոր են, քան Ռուսաստանի հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի՝ նրա գլխավոր հակառակորդի հետ»,- պարզաբանել է Մարկեդոնովը։ Նա մատնանշել է նաև մի հետաքրքիր էվոլյուցիա։ «Փաշինյան ընդդիմադիրն ամեն կերպ ընդգծել է հայկական իշխանությունների կամքի բացակայությունը, նրանց հարմարվողականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այժմ ինքն է դառնում իրականության թերությունները կոծկող»,- գրում է նա։ Մարկեդոնովի խոսքով՝ սխալ էր Փաշինյանի այցը սահմանափակել միայն միջպետական գագաթնաժողովով։

«Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ նրա և ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանի միջև լուրջ բանավեճ ծագեց։ Այն հետաքրքիր է նրանով, թե ինչպես պրագմատիզմի և պոպուլիզմի երկու դիսկուրս հանդիպեցին իրար։ Հետաքրքիր է այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի ներսում քչերն էին Փաշինյանի հետ բաց վիճում, մինչդեռ միջազգային այցերի ժամանակ ՀՀ վարչապետի զրուցակիցները քաղաքականապես կոռեկտ բանաձևեր էին օգտագործում։ Վարդանյանը, ի դեպ, փաստորեն մեղադրեց Փաշինյանին բիզնեսը չհարգելու մեջ։ Եվ նրա քննադատությունը նաև լուրջ հարց էր առաջացնում․ որքանո՞վ են լուրջ հայկական նոր իշխանությունների հայտարարությունները՝ Երևան-սփյուռք ռազմավարական փոխգործակցության ստեղծման վերաբերյալ։ Այս հարցի կոնկրետ պատասխանը 2018 թվականի սեպտեմբերին Փաշինյանը չի տվել»,- եզրափակում է փորձագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ