08 09 2018

Շանթ Հարությունյանը՝ համաներման, հեղափոխության և իշխանության մանիպուլյացիաների մասին

Շանթ Հարությունյանը՝ համաներման, հեղափոխության և իշխանության մանիպուլյացիաների մասին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը  սեպտեմբերի 8-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս էր հրավիրել։ Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնեց վարչապետին ուղղված իր դիտողությունները՝ նշելով, որ ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի կողմից համեմատություն անել, ընկերներին ընկերների հետ համադրել: 

«Ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ, բացասականը վարակի պես տարածում է»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով,  որ երբ Նիկոլ Փաշինյանի դաշնակից ընկերները` Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը, չաջակցեցին իրեն հեղափոխության սկզբի օրերին, Նիկոլ Փաշինյանը ցավ ապրեց: «Հիմա եթե նա դա ապրել է, ինչպես է իրեն թույլ տալիս մեկ ուրիշ բանտում գտնվող ընկերներին հղում անի, դա նուրբ մանիպուլյացիա է, որը վատ բաների է տանելու։ Վարչապետը ճիշտ չի անում՝ կոլխոզային  հոգեբանությամբ հակադրությունների նուրբ տակտիկայա կիրառում, ես դրա համար դիտողություն եմ անում»,- ասաց նա՝ հավելելով. «Ես գտնում եմ, որ ես լավ մարդ եմ, բայց իմ երկու ընկերները՝ Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Սարգսյանը, ինձնից էլ լավն են»: Հարությունյանն իր խոսքում նաև շեշտեց. «Իմիջիայլոց, նենց չի, որ Սերժը միանգամից սրիկայությամբ եկավ իշխանության: Միանգամից չեն սրիկայանում»:

Շանթ Հարությունյանը շեշտեց, որ դարձյալ մանիպուլյացիա են անում, երբ ասում են, թե իրեն ազատ են արձակում, իսկ ինքը չի համաձայնում: «Ինչ-որ տարածում են, ասում են, որ ինձ ազատել են, ես չեմ ազատվել բանտից: Եթե ինձ բանտից ազատեին այս մարդիկ ինձ մի րոպե անգամ ավել չէին կարող պահել: Չկա տենց բան, դա սուտ ու խաբեություն է ու անգամ ասում էին, որ վարչապետն է իր կողմնակիցների մոտ դա ասել ու դա տարածվել է»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ իր համար բաց ռեժիմն անընդունելի է:

Շանթ Հարությունյանը հայտարարեց՝ նրանք, ովքեր իսկապես գնում են հեղափոխության, պետք է համաներում հայտարարեն։  «Ընդհանրապես իսկական հեղափոխությունները, առավելևս սիրո և հանդուրժողականության, թեկուզ ատելության, էական չէ, եթե արմատական փոփոխություն է անմիջապես հարկավոր, պետք է համաներում լինի տվյալ երկրում: Նրանք, ովքեր գնում են իսկապես հեղափոխության, ոչ թե մանիպուլյացիա են անում, ձևացում են անում, եթե իրենք հեղափոխականներ են, ոչ կսպասեին մայիսի 28-ին, որն ուներ այդ հնարավորությունը համաներում հայտարարելու, ոչ սեպտեմբերի 21-ին, որը ևս հնարավորություն է։ Հեղափոխության ճակատին պետք է հումանիզմ գրվի»,- ասաց նա։ Հեղափոխության մասին խոսելով՝ Շանթ Հարությունյանը նաև ասաց՝ Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Ըստ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմիսի է գնում նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իր նմանների։

Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը հայտարարել է, որ ինքը քաղբանտարկյալ է, պետք է քննություն անցկացնեն ու պարզեն, թե ինքը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ. «Ինձ հալածել են իմ հայացքների համար։ Իմ փաստաբանն առաջարկել է բողոք ներկայացնել, ես ասել եմ՝ ոչ։ Հիմա ես չեմ վստահում մեր արդարադատությանը։ Իրենց պոտենցիալ հակառակորդների գործերը բացել են, գուցե ես էլ եմ իրենց պոտենցիալ հակառակորդների մեջ, որ ինձ չեն ուզում արդարացնել, ես չգիտեմ»,- վարանեց կալանավորը։

Շանթ Հարությունյանը նաև հակասություն նկատեց Նիկոլ Փաշինյանի գործողություններում․ «Վարչապետն ասում է՝ Շանթը քաղբանտարկյալ է, դատախազն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ու շարունակում են իրար հետ աշխատել, դա ո՞նց է լինում։ Դա լինում է համակարգի փլուզում։ Կամ պետք է դատախազը հրաժարական տա, կամ վարչապետը, կամ պետք է վարչապետը դատախազին անվստահություն հայտնի ԱԺ-ում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ